Կան ներդրողներ, ովքեր Տավուշում կասեցրել են ներդրումները՝ սահմանային խնդիրների վերաբերյալ լուրերի պատճառով. մարզպետ
Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում։ Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով՝ 2021 թ-ը Տավուշի համար լինելու է արմատական փոփոխությունների ու վերագործարկման տարի, քանի որ 2020-ը խաթարեց մարզի զարգացման հետ կապված բոլոր պլանները:
«Մենք համարում ենք, որ ապագայում մեր ամենամեծ ներուժը այդտեղ է թաքնված, որովհետև մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական հողերի շատ փոքր մասը, ավելին՝ մենք ոռոգում ենք այդ հողերի չնչին մասը՝ ընդամենը 4500 հա:
2021թ-ին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր՝ ոռոգման համակարգերի վերականգնման առումով, որոնք վերաբերում են նաև մեր ջրամբարների ջրերի օգտագործմանը, որոնք, ինչպես գիտեք, գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, ամենացածրադիր գոտում, և մենք այդ ջրերը գրեթե չէինք օգտագործում»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ այս տարի պետություն-մասնավոր համգործակցություն ծրագրերով նախատեսվում է ստեղծել նոր ոռոգման համակարգեր:
Չոբանյանը նշեց, որ կան ներդրողներ, ովքեր ստեղծված իրավիճակում կասեցրել են իրենց ծրագրերը: Դրանք հիմնականում ՀՀ-ից դուրս բնակվող ներդրողներն են, ովքեր Տավուշում սահմանների վերանայման մասին տարածված լուրերի ազդեցության տակ, առայժմ չեն շտապում վերսկսել իրենց ներդրումային ծրագրերը: