երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

 «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:

ՀՀ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման ավելի դանդաղ տեմպը:

Գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային եւ տարածաշրջանային  զարգացումները եւ դրանցով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները, եւ փաստում է տնտեսության զարգացման տեմպերի դրական դինամիկան, Կառավարության վարած սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշի վերահաստատման հիմքում 2022 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված բարձր տնտեսական աճն է՝ պայմանավորված մարդկանց եւ կապիտալի ներհոսքով, դրա արդյունքում ներքին պահանջարկի աճով, հարկային եկամուտների հավաքագրման բարձր տեմպով, նշված գործոնների, ինչպես նաեւ դրամի արժեւորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազմամբ:

«Կայուն» հեռանկարը պայմանավորված է  առաջիկա տարում եւ միջնաժամկետում կայուն տնտեսական աճի պահպանման՝ գործակալության սպասումներով: Որպես հնարավոր ռիսկեր առանձնացված են Ռուսաստանի՝ որպես ՀՀ հիմնական առեւտրային գործընկերոջ եւ դրամական փոխանցումների հիմնական աղբյուրի, տնտեսական անկման հնարավոր հետեւանքները եւ Ադրբեջանի հետ ռազմական լարվածության պայմաններում առկա գործոնները:

  • Կիսվել: