հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է․ ՀԾԿՀ

Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է․ ՀԾԿՀ

Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է։ Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա չկարողացավ ասել՝ սակագինը կփոխվի, թե ոչ։ «7-10 օրվա ընթացքում պարզ կլինի»,- ասաց Բաղրամյանը։

Անդրադառնալով ջրի սպասարկման որակին՝ Բաղրամյանն ասաց. «Ջրի գնի ձևավորման ժամանակ սպասարկման որակի չափանիշները ցավոք տրված չեն, տրված է որպես պայմանագրային պարտավորություն: Սպասարկման որակի չափանիշներ կան և՛ պայմանագրում, և՛ հանձնաժողովի կողմից սահմանված ջրի օգտագործման կանոններում: Դրանք անկախ ամեն ինչից պարբերաբար հսկվում են և՛ հանձնաժողովի մոնիթորինգի խմբի կողմից, և՛ Ջրային կոմիտեի կողմից: Նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ և տուգանքներ: Կան միանգամից վճարվող տուգանքներ, որոնք արտացոլվում են հաշիվների մեջ»:

Հարցին, թե ջրաչափերի պատշաճության վերաբերյալ վերահսկողություն կա, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Ջրաչափերը մինչև տեղադրելը պետք է չափագիտության ինստիտուտով համապատասխան սերտիֆիկացում անցնեն նոր տեղադրվեն և կա սահմանված ժամանակահատված, թե ջրաչափն ինչքան կարող է աշխատել և ենթարկվել ստուգաչափման: Եթե ընթացքում լինում են օրինակ ջրաչափի ապօրինի միջամտություններ, դրանք առանձին արձանագրվում են»:  

  • Կիսվել: