չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Շիրակի «չոր նավահանգստի» օպերատորը օտարերկրյա ընկերություն կլինի. Քերոբյան

Շիրակի «չոր նավահանգստի» օպերատորը օտարերկրյա ընկերություն կլինի. Քերոբյան

Շիրակի մարզի «չոր նավահանգստի» օպերատորը օտարերկրյա ընկերություն է լինելու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
«Նախնական հետաքրքրություն են դրսևորել տարբեր միջազգային նավահանգստային օպերատորներ, այդ թվում`ամենաառաջնակարգները, և կարծում եմ, որ նախագիծը վերջնական հաստատելուց հետո մենք կանցնենք արդեն մրցութային գործընթացին և կընտրենք մեզ համար նախընտրելի նավահանգստային օպերատորին,– ասաց նախարարը,– դիտարկվում են միայն առաջնակարգ, փորձառու օպերատորները, որովհետև դա, ըստ էության, գլխավոր պայմանն է «չոր նավահանգստի» հաջողության համար»։
Քերոբյանը հույս հայտնեց, որ օպերատորը պարզ կլինի մինչև 2023թ–ի ավարտը։ Մինչ այդ պարզ կդառնա նաև ծրագրի ֆինանսավորման կառուցվածքը։
«Բայց կարծում եմ, որ որևէ խնդիր չենք ունենա անհրաժեշտ ներդրողների ներգրավման հարցում»,– ասաց նա։
 
Հետաքրքրվեցինք` արդյոք «չոր նավահանգստի» կառավարումն արևմտյան ընկերության հանձնելու դեպքում Հայաստանը խնդիր չի՞ ունենա ՌԴ–ի հետ տնտեսական հարաբերություններում` հաշվի առնելով ՌԴ–ի դեմ տնտեսական պատժամիջոցների գործոնը։
 
«Նույն տեսանկյունից կարող ենք հարց տալ` եթե ռուսական ընկերություն լինի, խնդիր չե՞նք ունենա եվրոպական արդյունաբերական ընկերությունների «չոր նավահանգիստ» ներգրավելու հարցում։ Պարզ է` այս բոլոր հարցերը մեզ համար շատ կարևոր են, և մենք որևէ կերպ չենք ուզում կաշկանդված լինել այլ երկրների օրենսդրությամբ առաջացող խնդիրներով։ Եվ, բնականաբար, ընտրելու ենք կամ պարտադրելու ենք այնպիսի մոտեցումներ, որոնք ՀՀ օրենսդրությամբ են նախատեսված»,– պատասխանեց նախարարը։
 
Քերոբյանը հիշեցրեց Փոթիի նավահանգստի հոլանդական կառավարչի հետ Հայաստանի ունեցած խնդիրը, երբ Վրաստանի տարածքում գործող ընկերությունը, որը պետք է առաջնորդվեր Վրաստանի օրենսդրությամբ, փաստացի առաջնորդվեց արևմտյան սանկցիաներով` մինչ օրս ձգձգելով ու դժվարացնելով ՀՀ կանոնավոր լաստանավային հաղորդակցություն ունենալու ծրագիրը։
Քերոբյանը հայտնեց, որ կառավարության նախնական հաշվարկներով` Շիրակի «չոր նավահանգստի» կառուցման արդյունքում Հայաստանը կներգրավի շուրջ 500 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, կստեղծվեն 20-40 հազար նոր աշխատատեղեր։ Նավահանգստի տարածքում կգեներացվի ՀՀ ՀՆԱ–ի առնվազն 1 տոկոսը, և դա կլինի նոր 1 տոկոս։
 
«Մենք Շիրակի «չոր նավահանգստի» ծրագիրը ձեռնարկել ենք` հաշվի առնելով, որ Հայաստանը լոգիստիկ առումով շատ վատ վիճակում գտնվող երկիր է, եթե չունենա անհրաժեշտ ենթակառուցվածք։ Եթե անհրաժեշտ ենթակառուցվածքներով զինենք, ապա հակառակը` շատ լավ աշխարհագրական դիրքով երկիր կդարձնենք, և մենք հենց այդ ուղղությամբ ենք գնում։ Այսինքն` մենք հիմա խոշոր ներդրումներ ենք անում տարբեր ենթակառուցվածքների մեջ` ճանապարհներ, կամուրջներ, թունելներ և այլ ենթակառուցվածքներ։ Եթե խոսում ենք լոգիստիկ ենթակառուցվածքների մասին, «չոր նավահանգիստ» ունենալը պարտադիր պայման է Հայաստանում արդյունաբերական քիչ թե շատ էական զարգացման համար»,– ասաց Քերոբյանը։
Ինչ վերաբերում է նախագծի ներկա վիճակին,պաշտոնյայի խոսքով, այն այժմ գտնվում է խորը տեխնիկատնտեսական վերլուծության փուլում, որն անհրաժեշտ է, որպեսզի հանրային ներդրումային կոմիտեն`ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հաստատի ծրագիրը, որից հետո այն կանցնի արդեն իրագործման փուլ։
 
Ինչ վերաբերում է Փոթիի նավահանգստում հայկական լաստանավային փոխադրման շուրջ ի հայտ եկած խնդիրներին` նախարար Քերոբյանը պարզաբանեց, որ Փոթիի նավահանգստի հոլանդական կառավարիչը պահանջում է, որ ստուգվեն հայկական բոլոր բեռների, բեռնարկղերի (կոնտեյներ), վագոնների, նաև դրանց առաքողների ու հասցեատերերի պատժամիջոցների տակ լինել–չլինելը։ Քերոբյանի խոսքով` սա նշանակում է, որ Հայաստանը չի կարող ունենալ կանոնավոր հաղորդակցություն։
 
«Կանոնավոր նշանակում է շաբաթը 2 անգամ։ Իսկ այն մոդելը, որը քննարկման էր դրված, մինչև վերջերս անորոշությունների այնպիսի բազմություն էր ստեղծում, որ մենք չէինք կարողանալու կանոնավոր աշխատեցնել լաստանավը։ Իսկ եթե կանոնավոր չլիներ, բիզնես մոդելը չէր էլ աշխատելու»,– ասաց նախարարը։
 
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։

  • Կիսվել: