երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը կհանգեցնի տուգանքի

Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը կհանգեցնի տուգանքի

Վարչական տուգանքի կիրառում կնախատեսվի շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը:

Օրինագծով նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչեւ 700-ապատիկի չափով. այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը փետրվարի 1-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով՝ արարքը շարունակելու դեպքում տուգանքը կլինի սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից մինչեւ 1500-ապատիկի չափով:
 

Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենքի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես բնակելի բազմաբնակարան շենքերը շատ դեպքերում առանց շահագործման թույլտվության շահագործվում են, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ, մասնավորապես, ենթակառուցվածքների առումով (գազ, էլեկտրաէներգիա, որոնք միացվում են, առանց համապատասխան փորձաքննություն անցնելու):

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք օրինագիծը վերաբերում է նաեւ անհատական տներին: Վաչե Տերտերյանի խոսքով բարձրաձայնված հարցը կարգավորվում է Կառավարության որոշումներով, իսկ վերոնշյալ նախագծով առավելապես կարգավորվում է բազմաբնակարան շենքերի, շինությունների խնդիրը: Ըստ նրա` շահագործման թույլտվությունները տարբերակված են, անհատական տների դեպքում դրանք այլ են:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: