չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին. Փաշինյան

Շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում մոտ 444 միլիոն դրամ հատկացրեց 7 մարզի 18 բնակավայրում 23 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

«Դրանցից 7-ը 2022 թվականին հաստատված ծրագրեր են, մյուսները 2021 թվականին են հաստատված: Այսպիսով, այս որոշման ընդունման դեպքում կստացվի, որ 2022 թվականին արդեն 347 ծրագիր է Կառավարությունը ֆինանսավորել իր մասնաբաժնով, և այդ գումարը 9 միլիարդ 711 միլիոն դրամ է»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Հայաստանում վերջին տարիներին շատ մասնավոր ընկերություններ են բացվել, բայց միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ շինարարական ընկերությունների կարողությունները չեն համապատասխանում կառավարության սահմանած նշաձողերին»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաև, մյուս կողմից մենք ի՞նչ կարող ենք անել՝ մենք կարող ենք բարձրաձայնել, որ այ այսպիսի խնդիր կա, որպեսզի մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրենք, որ այստեղ կա մի ոլորտ, որտեղ կարելի է ներդրումներ անել և շահույթներ ստանալ:

Փաստն այն է, որ կապիտալ ծրագրերի իրականացման հատվածում մենք պարբերաբար ունենում ենք պրոբլեմներ: Այդ պրոբլեմը հետևյալն է՝ շինարարությունները միշտ չէ, որ ժամանակին ու պատշաճ որակով արվում են, և հիմա մենք տեսնում ենք, որ կապիտալ ծախսերի թերակատարումները կապված են դրա հետ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, սա չի նշանակում, որ ամեն ինչ մասնավորի պատասխանատվության ոլորտ պետք է տեղափոխվի.

«Այստեղ մեր անելիքներն էլ կան։ Նույն գնումների վերաբերյալ օրենսդրության շարունակական բարեփոխումներ, որոնց մասին խոսում ենք, և պրոբլեմի ավելի խորը ուսումնասիրություն»,- նշեց վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ արձագանքելով վարչապետին, ասաց, որ ճիշտ է նկատել՝ խնդիրն առկա է.

«Դրա համար էլ մեր տնտեսության արդիականացման ծրագրի ներքո մենք փորձում ենք ընկերություններին քաջալերել, որպեսզի իրենք ավելի արագ ընդլայնեն իրենց պոտենցիալը, ավելացնեն սարքավորումները»,- նշեց նա: Նախարարի խոսքով, շինարարության ոլորտը ևս մտնում է այն ոլորտների մեջ, որտեղ եթե ընկերությունները ձեռք են բերում նոր սարքավորումներ, տեխնիկա՝ կառավարությունը տոկոսային ծախսերի մեծ մասը սուբսիդավորում է:

«Մենք տեսնում ենք, որ արդեն 320-ից ավելի ընկերություն օգտվել է այս ծրագրից և դրանց մեջ կան շինարարական ընկերություներ»,- ընդգծեց Վահան Քերոբյանը և կոչ արեց ընկերություններին ինչքան հնարավոր  է արագ, նաև օգտագործելով դրամի կուրսը՝ « դրամով ձեռք բերելուց ավելի էժան է ստացվում իրենց վրա այդ սարքավորումների գինը», օգտագործեն այս հնարավորությունը և թարմացնեն ու ուժեղացնեն իրենց սարքավորումների պարկն ու մեծացնեն պոտենցիալը:

  • Կիսվել: