երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շեշտվել է քիմիական թափոնները վնասազերծելու կարևորությունը․ ՏԿԵՆ

Շեշտվել է քիմիական թափոնները վնասազերծելու կարևորությունը․ ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ռուսական «Ռուսատոմ Գրինվեյ» կազմակերպության և հայկական կողմի՝ շահագրգիռ մարմինների և ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումը կազմակերպվել էր 2022թ. դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական 21-րդ նիստի արձանագրության 8-րդ բաժնում նախատեսված «Նաիրիտ Գործարան» և «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ներում առկա քիմիական թափոնների վնասազերծման հարցերում համագործակցության նպատակով:

ՀՀ ՏԿԵ նախարարության էներգետիկայի վարչության պետը և նախարարության ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտության վերլուծության և մոնիթորինգի վարչության պետը ողջունելով հյուրերին՝ նշել են առկա քիմիական թափոնները վնասազերծելու կարևորությունը:

«Ռուսատոմ Գրինվեյ» կազմակերպությունը ներկայացրել է ընկերության հնարավորությունները, թափոնները վնասազերծելու հարցում ունեցած փորձը, գործող ծրագրերը, որից հետո կողմերի միջև տեղի ունեցել շահագրգիռ քննարկում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կուսումնասիրի ընկերության առաջարկները, հետագա հնարավոր համագործակցություն իրականացնելու նպատակով։

Հանդիպման ավարտին «Ռուսատոմ Գրինվեյ» կազմակերպության ներկայացուցիչները այցելել են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ՝ տեղում ուսումնասիրելու և ծանոթանալու իրավիճակին:

  • Կիսվել: