հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Սևանն աղտոտում են, հետո փողոց փակում, որ մարդիկ գնան իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն. Փաշինյան

Սևանն աղտոտում են, հետո փողոց փակում, որ մարդիկ գնան իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն. Փաշինյան

Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սևանա լճի ափամերձ գոտում գործունեություն ծավալող գործարարներին, որոնք ամիսներ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում:

Փաշինյանը շեշտեց` Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի. «Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են ՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի…դուք նախ ձեր ոտի տակը մաքրեք: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան: Սևանում տեղեր կան, որ եթե մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»:

Իր հերթին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ հաջորդ տարի  նույնպես ակնկալվում է, որ Սևանում ջրի ծաղկման երևույթ կդիտվի ու լիճը կանաչ երանգ կստան:

Նախարարն ընդգծեց. «Մաքրման կայանների մասով նախնական աշխատանքներն արվել են: ԵՄ-ից ակնկալվող 5 մլն եվրոյի դրամաշնորհը ևս ուղղվելու է Սևանի մաքրմանը: Բայց միանշանակ է, որ աղտոտումների ծավալը, որ գալիս է տասնյակ բնակավայրերից, կտրուկ պետք է նվազեցվի, հակառակ դեպքում ռիսկերը շատ մեծ կլինեն»:

Ինչ վերաբերում է Սևանից ջրառի ծավալներին, Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Սևանից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր: «Ամենայն հավանականությամբ, էլ կարիք չի լինի ջուր բաց թողնել: Եթե լինի էլ, շատ փոքր ծավալների մասին է խոսքը»:

 

  • Կիսվել: