չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության եւ մշակման իրականացում» ծրագրի շրջանակում քննարկվել են մի շարք հարցեր

«Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության եւ մշակման իրականացում» ծրագրի շրջանակում քննարկվել են մի շարք հարցեր

 Գեղարքունիքի մարզպետարանում փոխմարզպետի ղեկավարությամբ կայացել է հանդիպում «Սեւան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության եւ մշակման իրականացում» ծրագրի շրջանակում։

Հանդիպմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, քաղաքաշինության վարչությունների, հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետերը եւ աշխատակիցները, «Սեւան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության եւ մշակման իրականացում» ծրագրի  փորձագիտական թիմի անդամները։

Հանդիպման ընթացքում ծրագրի փորձագիտական խմբի անդամները մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկել են «Սեւան Ազգային պարկ»-ի կառավարմանն առնչվող խնդիրները, դրանց ազդեցությունը մարզպետարանի եւ մարզի համայնքների գործունեության վրա, ինչպես նաեւ՝ առանձնացված խնդիրների հնարավոր լուծումները։

Մարզպետարանի աշխատակիցները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, առանձնացրել հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական պատկերացումները։

Քննարկվող խնդիրների շարքում հատկապես կարեւորվել են «Սեւան Ազգային պարկ»-ի սահմանների ճշգրտման, տարբեր գործառույթների իրականացման արդյունավետության, ինչպես նաեւ «Սեւան Ազգային պարկ»- համայնքներ, «Սեւան Ազգային պարկ»-մարզպետարան փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել եւս մեկ անգամ՝ արդեն «Սեւան Ազգային պարկ»-ի սահմանների ճշգրտմանն ուղղված կոնկրետ առաջարկների քննարկման նպատակով։ Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։

«Կարեւորելով «Սեւան Ազգային պարկ»-ի կառավարման նոր պլանի մասնակցային եւ ներառական լինելը՝ ծրագրի թիմը պլանի մշակման առաջին իսկ փուլից կազմակերպել է  հանդիպումներ նաեւ հարակից համայնքների բնակիչների, կառավարման հիմնական շահագրգիռ կողմերի հետ։  Այս նպատակով առանձին մասնագիտացված կառույցների եւ փորձագետների հետ հանդիպումներից բացի, ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաեւ հանրային աշխատարան-քննարկումների շարքեր, որոնց մասնակցում են տեղացի բնակիչներ, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների  եւ բիզնես համայնքի ներկայացուցիչներ։ Հանրային քննարկումները նախատեսված է անցկացնել Գեղարքունիքի մարզի երեք տարբեր բնակավայրերում՝ ներգրավելով մարզի հինգ համայնքների ներկայացուցիչներին։ Աշխատարանների առաջին փուլն արդեն ավարտված է, առաջիկա օրերին կմեկնարկի երկրորդ փուլը։ Այս փուլում քննարկումների թեման ծրագրի փորձագիտական թիմի կողմից այս ընթացքում քարտեզագրված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն են»,-ներկայացրել է ծրագրի փորձագիտական թիմի անդամ Մանյա Մադոյանը։

ՊՈԱԿ-ի կառավարման պլանի մշակումը  «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ  ծրագրի մաս է եւ իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), «Սոլյուտոն» ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից,  Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ։

  • Կիսվել: