շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահմանային գետի ողողատներից ավազ արդյունահանելու կարգավորումները կվերանայվեն

Սահմանային գետի ողողատներից ավազ արդյունահանելու կարգավորումները կվերանայվեն

Նախագծերը մշակվել են` հաշվի առնելով Արաքս գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետերի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանց արագ կարգավորման մեխանիզմների ապահովումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը` մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին  բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

«Նշված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմինը կամ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին են ներկայացնում համապատասխան գրություն` հիմնավորող փաստաթղթերով: Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում և ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում»,- ընդգծել է զեկուցողը:

Նախագծերով նախատեսվում է նաև սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման ընթացքում ներգրավված տեխնիկան գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) կահավորելու պարտադիր պահանջ:

Հովհաննես Հարությունյանի խոսքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացմամբ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետաողողատներից ավազ արդյունահանելիս գետի հունից արդյունահանման, ինչպես նաև ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված` հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների սարքավորումների միջոցով իրականացնելու դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

«Ներկայացված նախագծերը միտում ունեն նաև սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ, ինչպես նաև սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմի ապահովում, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում»,- նշել է զեկուցողը:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության` իրավական փորձաքննության իրականացման արդյունքում փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում: 

  • Կիսվել: