շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունն այցելել է արդյունաբերողների և գործարարների միություն

Ռուսական «Բիզոն» միավորման պատվիրակությունն այցելել է արդյունաբերողների և գործարարների միություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 17-ին հյուրընկալվեցին Ռուսաստանի Դաշնության ցուցահանդեսային ընկերությունների «Բիզոն» միավորման  գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը և գործադիր տնօրենի տեղակալ Տատյանա Լեբեդևան:

Հյուրերը ներկայացրեցին միավորման գործունեության  հիմնական ուղղությունները, որոնք մասնավորապես ներառում են ռազմական, ոստիկանական և արտակարգ իրավիճակների ոլորտներում միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, ինչպես նաև ամենատարբեր համաժովների, սեմինարների, կլոր սեղանների անցկացումը:

«Բիզոն» միավորումը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2015 թվականից, պարբերաբար կազմակերպելով ռազմական և պաշտպանական տեխնոլոգիաների ARMHITEC, ինչպես նաև անվտանգության բարձր տեխնոլոգիաների «Անվտանգ Հայաստան» միջազգային ցուցահանդեսները: Ծրագրված է համանման ցուցահանդեսներ կազմակերպվել նաև 2022 թվականին,  որոնց նախապատրաստման մանրամասները քննարվեցին հանդիպման ժամանակ:

«Տնտեսական ինտեգրացիայի ներկա պայմաններում առավել կարևորվում է առկա ներուժի կոոպերացիան, եղած ռեսուրսների համատեղումը», - նշեց  Սերգեյ Մարիչևը: Նա հատկապես ընդգծեց ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետագա խորացումը:

ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, արժանիորեն գնահատելով Միավորման կատարած աշխատանքը, հատկապես կարևորեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը և վերջինիս ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացմանը:

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին զարգացնել երկկողմ գործակցությունը, աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը: 

  • Կիսվել: