կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին  Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։
 
 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի կազմակերպմանը, օրակարգին, միջոցառման անցկացման ժամկետներին  վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝  ագրոարդյունաբերական։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և երկու երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը։  Արծարծվել է օդային հաղորդակցության ակտիվացման հարցը։

Կողմերը քննարկել են նաև  ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությնը։

  • Կիսվել: