Քերոբյանը «Մալաթիայի» շուկայի փակվելը արդարացված է համարում
Կարծում եմ՝ այն ինչպես նշված է պաշտոնական տեղեկանքներում և հաղորդագրություններում, հենց այդ նպատակով է փակվում Մալաթիայի շուկան։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե այսօրվանից փակված Մալաթիայի շուկայի աշխատակիցները վարկած ունեն, որ շուկան փակվել է ոչ թե հակահրդեհային անվտանգության կանոնները չպահելու համար, այլ շուկայի տեղում նպատակ կա շինություն կառուցել։
Քերոբյանը շուկայի փակվելը արդարացված համարեց․ «Վերջերս երկրում ցավալի, ողբերգական դեպք ունեցանք՝ Սուրմալու և սահմանամերձ Ազատ գյուղի զինվորական կացարանի դեպքերը։ Այդ երկու դեպքերը հիմք են և նաև բոլորիս համար ահազանգ են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք և ստանդարտներին համապատասխանության ստուգումն ավելի խստացնենք և այնպես անենք, որ անվտանգային բոլոր ստանդարտները պահպանված լինեն առևտրի բոլոր նմանատիպ օբյեկտներում»,- ըստ նախարարի՝ առևտրի կենտրոններում անվտանգության չափանիշների պահպանումը ներքին անվտանգության ստանդարտների խնդիր է։
«Կարծում եմ՝ օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը և եթե դուք էլ լինեք այդ շուկայում կտեսնեք, որ վատ աշխատանքային պայմաններով է ապահոված։ Ինչ վերաբերում է աշխատողներին, ապա մոտակայքում կան առևտրի կենտրոններ, առևտրի կենտրոններում կարելի է հանգիստ տեղ ճարել և շարունակել բիզնես գործունեությունը»,- երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ որ բան արվու՞մ է Մալաթիայի առևտրականներին այս պարագայում օգնելու համար նախարարը նշեց, որ դեռ խնդիրների չափը պետք է հասկանան։
Լրագրողները հարցրին նաև Մալաթիայի շուկան ժամանակավորապե՞ս է փակվում․ «Ես դետալները չգիտեմ, կարծում եմ բոլոր շուկաները պետք է ստուգվեն, որպեսզի և՛ բիզնես անողները, և՛ այցելուները ամբողջությամբ պաշտպանված լինեն և դա պետք է հետևողականորեն խստացվի, խախտումների դեպքում տուգանքների չափը պետք է փոխվի»,- նախարարը նշեց, որ նախատեսվում են ստուգումներ իրականացվել բոլոր խոշոր առևտրային կենտրոններում։
Այսինքն, որոշումը վերջնակա՞ն է, ու մարդկանց բողոքը ոչ մի բան չի՞ փոխելու․ «Ես կարծում եմ՝ այո»,- ասաց Քերոբյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե Մալաթիայի շուկայի աշխատակիցները պաշտոնական հիմնավորումը չեն ընդունում ու ցանկանում են ԱԻՆ-ից մանրամասներ ճշտել արձանագրված խնդիրների մասին, Քերոբյանը պատասխանեց․ «Շատ մարդիկ իրենց անտանգության մասին չեմ մտածում։ Տարիներով աշխատել են այդ տարածքում ու իրենց համար նորմալ է եղել, հիմա զարմանում են, թե ինչու հենց հիմա, բայց վաղ թե ուշ այդ օրը գալու էր, ավելի լավ է, որ հիմա է եկել օրը, ոչ թե, ասենք, Սուրմալուի պես օր»։



