շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը Կորեայում մասնակցել է «Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքաշինական ութերորդ ֆորումին»

Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը Կորեայում մասնակցել է «Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքաշինական ութերորդ ֆորումին»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հոկտեմբերի 23-ից 25-ը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սուվոն քաղաքում կայացած «Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքաշինական ութերորդ ֆորումին» (APUF-8): Այն կազմակերպել են Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UNESCAP), Կորեայի Հանրապետության հողերի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաև Սուվոնի քաղաքային իշխանությունը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ միջոցառման շրջանակում կայացած բարձր մակարդակի նստաշրջանի ժամանակ Նունե Պետրոսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, իրականացվող ծրագրերը: Նա անդրադարձել է տարածական պլանավորման հարցերին, կլիմայական փոփոխությունների պայմաններում քաղաքաշինության ոլորտում երկրի որդեգրած քաղաքականությանը, աղետների ռիսկերին դիմակայելու միջոցառումներին և ընդգծել ոլորտային ուղղություններով տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության կարևորությունը։

Նունե Պետրոսյանը մասնակցել է նաև «Քաղաքաշինության ներառական թվայնացում» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում թվայնացման միտումները, խելացի քաղաքի գաղափարի շրջանակում երկրի կատարած քայլերը, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները: Նա հույս է հայտնել, որ թվային միջավայրը կդյուրացնի աղետների ռիսկերի կառավարման գործընթացները, ինչպես նաև կնպաստի քաղաքաշինության ոլորտում գործընթացների պարզեցմանը, արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը հարցազրույց է տվել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի լրատվական ծառայությանը՝ խոսելով մատչելի բնակարաններով ապահովման, բնակարանաշինության ոլորտում իրականացվող ծրագրերից, զարգացման հեռանկարներից, երկրաշարժադիմացկունության ապահովման մոտեցումներից։

«Ասիա-խաղաղօվկիանոսյան քաղաքաշինական ֆորումը» միավորում է UNESCAP-ի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, հետազոտական, ուսումնական և ակադեմիական հաստատությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու քաղաքաշինական ոլորտի ընդհանուր խնդիրները և գտնելու առկա մարտահրավերների հաղթահարման համընդհանուր մոտեցումներ։

  • Կիսվել: