հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոփոխություններ՝ ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ներկրելու կարգում․ ՊԵԿ

Փոփոխություններ՝ ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ներկրելու կարգում․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:

Փաստորեն, միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար 2020 թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Մինչդեռ եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

  • Կիսվել: