հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք

Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի  անօրինական արտահանման  փորձը:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

«Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի  կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի անսարքության վերաբերյալ կեղծ պատճառաբանություն, որից հետո վերջինս, առանց ավտոմեքենայի, լքել է մաքսային տարածքը: Վարորդը  մաքսային կետ-բաժին է վերադարձել երեք օր անց, որից հետո  տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն զննության: Արդյունքում պարզվել է, որ բացի հայտարարագրված ապրանքներից, կցորդում առկա են  չհայտարարագրված և առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ ընդհանուր մոտ 600 կգ քաշով: 

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

  • Կիսվել: