երկուշաբթի, մայիս 23
23 / 5 / 2022
«Փաստ»․ Եթե Հայաստանի տնտեսության լճացումը շարունակվի, ապա բացասական հետևանքները կարող են անդառնալի լինել

«Փաստ»․ Եթե Հայաստանի տնտեսության լճացումը շարունակվի, ապա բացասական հետևանքները կարող են անդառնալի լինել

«Կորոնավիրուսի համաճարակը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, խախտվել է տնտեսական հավասարակշռությունը։ Տնտեսության որոշ ճյուղերում ահռելի չափերով ավելացել է պահանջարկը, իսկ մի շարք ճյուղերում էլ պահանջարկի խիստ նվազում է նկատվում։

Այսպիսի անկանխատեսելի պայմաններում տնտեսվարողները քայլեր են ձեռնարկում, որպեսզի խուսափեն հնարավոր կորուստներից ու չհասնեն սնանկացման եզրին։ Սակայն իրավիճակի ամբողջ ծանրությունն ընկնում է շարքային աշխատակիցների վրա, որոնք կարող են մնալ առանց աշխատանքի։

Իսկ գործազրկությունը այս պահին համավարակի արդյունքում տուժած երկրներին հուզող ամենակարևոր հարցերից է։ Քանի որ գործազրկությունը հանգեցնելու է սոցիալական լարվածության ավելացման և պետության բեռի մեծացման։

Գործազրկության հարցը սուր է նաև Հայաստանի համար, որը ներկայումս լուրջ տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնած։ Ճիշտ է՝ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթներ է գործարկում, սակայն դրանց ծավալներն այնքան մեծ չեն, որպեսզի մեղմեն ծանր տնտեսական իրավիճակի հետևանքները։

Մոտ երկու ամիս Հայաստանում գործող արտակարգ դրության պայմաններում սահմանվել էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։

Եվ այդ երկու ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ մեր տնտեսությունը հսկայական վնասներ է կրում, և եթե այդպիսի սահմանափակումները երկար շարունակվեն, ապա բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված կլինեն կրճատել իրենց աշխատակիցներին կամ էլ ուղղակի կանգնել սնանկացման եզրին։

Թերևս դա էր պատճառը, որ երկու ամիս տևած խիստ սահմանափակումներից հետո կառավարությունը գնաց սահմանափակումները թուլացնելու և տնտեսական գործունեությունը թույլատրելու ճանապարհով՝ չնայած այն հանգամանքին, որ սահմանափակումների թուլացումն ու տնտեսական գործունեության վերականգնումն ինքնին ենթադրում էին վարակի տարածման տեմպերի մեծացում, ինչը և տեղի ունեցավ։

Ինչքան էլ իշխանությունները փորձեն վարդագույն ակնոցներով հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, միևնույն է, քաղաքացիները սկսել են գիտակցել, որ իրադրությունը առավել քան լուրջ է։

Եվ եթե Հայաստանի տնտեսության լճացումը շարունակվի, ապա դրա բացասական հետևանքները կարող են անդառնալի լինել՝ հանգեցնելով ընդհուպ նոր արտագաղթի ալիքի։

Եվ իրավիճակի լրջության մասին է վկայում այն, որ, չնայած կորոնավիրուսի ինտենսիվ տարածմանը, իշխանությունները խուսափում են կրկին համընդհանուր սահմանափակումների ռեժիմին անցնել։

Իսկ վարչապետ Փաշինյանը հայտարարում է. «Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի»:

Սրանով իշխանությունները ցանկանում են, որ տնտեսվարողների գործունեությունը շարունակվի։ Բայց խնդիրն այն է, թե որքանով տնտեսվարողները կարող են մրցունակ գտնվել նոր իրավիճակում։

Պետք է հաշվի առնել, որ մեծաթիվ տնտեսվարող սուբյեկտներ վարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ լրանում է բանկերի կողմից տրամադրված վարկային արձակուրդների ժամկետը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: