չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Որքանով ենք մենք պատրաստ ԵԱՏՄ և եվրոպական չափորոշիչներին համարժեք ապրանքները արտահանելուն. Սուքիասյանը՝ Քերոբյանին

Որքանով ենք մենք պատրաստ ԵԱՏՄ և եվրոպական չափորոշիչներին համարժեք ապրանքները արտահանելուն. Սուքիասյանը՝ Քերոբյանին

Այսօր ԱԺ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Հավատարմագրման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախարարին հարց ուղղելով՝ նշեց. «Դուք ասացիք IT-ից 20 կազմակերպություն կա, ես չհասկացա այդ 20 կազմակերպությունից, որի սեփական արտադրանքի վաճառքի արդյունքում  է հարկ առաջացել, թե՞ բոլորը եկամտահարկ վճարող են»:

Նախարարն արձագանքելով՝ նշեց. «Հայաստանում IT բիզնեսների կառուցվածքը սովորաբար այստեղ գիտահետազոտական կենտրոններ պահելն է, բայց պրոդուկտով վաճառքով զբաղվում են այդ ընկերությունների մայր ընկերությունները, որոնք սովորաբար գտնվում են ավելի բարենպաստ յուրիսդիկցիաներում: Այս դեպքում ես կարող եմ վստահաբար ասել, որ խոսքը միայն եկամտահարկի մասին է, քանի որ այս ընկերությունները միայն եկամտային հարկ վճարելով կամ համարյա միայն եկամտային հարկ վճարելով հայտնվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում, ակնհայտ է, որ այնտեղ 100-ից ավել աշխատակիցներ կան»:

Սուքիասյանը արձագանքելով՝ ասաց. «Ակցիազային հարկ ևս կա և կա եկամտահարկ, եկամտահարկի դեպքում ակնհայտ երևում է, որ կազմակերպությունն աշխատակիցների մեծ բանակ ունի, որ եկամատահարկը բարձր է, ես շատ լավ գիտեմ, որ ՀՀ-ում 95 տոկոս կազմակերպություններն ունեն մայր կազմակերպություններ, որտեղ էլ ձևավորվում է և՛ գինը, և՛ վաճառքը, և՛ մարքեթինգը, Հայաստանում ուղղակի պրոդուկտն են ստեղծում»:

Սուքիասյանը նաև հետարքրքրվեց, թե որքանով ենք մենք պատրաստ ԵԱՏՄ և եվրոպական չափորոշիչներին համարժեք ունենալ այն որակական չափորոշիչը, որով մեր ապրանքները պետք է արտահանվեն տարբեր երկրներ:

Քերոբյանը պատասխանեց. «Դա մեր գլխավոր մարտահրավերներից է: Օրենքների կիրարկումը բերելու է հավատարմագրված մարմինների ծառայությունների պահանջարկի ավելացմանը: Երբ մենք ինչ-որ ոլորտում խստացնում ենք, կամ լավացնում ենք, թվայնացնում ենք վերահսկողությունը, դա թույլ է տալիս, որպեսզի ընկերություններն արդեն պարտադրված դիմեն հավատարմագրված մարմիններին անհրաժեշտ համապատասխանեցված փաստաթղթերը ստանալու համար և դա ձևավորելու է հենց այն պահանջարկը, որի հիման վրա ընկերությունները ներդրումներ են անելու իրենց լաբորատոր հզորությունները ակտիվացնելու մեջ»:

  • Կիսվել: