ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոչ միայն սոցիալական նպաստ, այլ բազմակողմանի աջակցություն. ուժի մեջ է մտնում նոր համակարգ

Ոչ միայն սոցիալական նպաստ, այլ բազմակողմանի աջակցություն. ուժի մեջ է մտնում նոր համակարգ

Փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնում օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք ենթադրում են անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ: Այսինքն՝ առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիների նկատմամբ կիրականացվի ֆունկցիոնալության գնահատում, ներկայում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն: Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն սահմանվելու է թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում: Թեթև աստիճանի դեպքում հաշմանդամություն չի սահմանվում, սակայն տրամադրվելու են ծառայություններ, որոնք խիստ կանխարգելիչ բնույթ են կրելու: Մնացած աստիճանների դեպքում պահպանվելու են նպաստները, կրթական, առողջապահական երաշխիքները:

Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ գործող բժշկասոցիալական մոդելով գնահատվում է մարդու առողջական վիճակը և կենսագործունեության աստիճանի սահմանափակումը: Առաջարկվող նոր համակարգով գնահատվելու է մարդու կարողությունները և կատարողականությունը:

«Քաղաքացին, հաշմանդամության սահմանման համար դիմում գրելիս, պետք է ներկայացնի նաև ինքնագնահատման թերթիկ: Դրանում պետք է արտացոլվեն բոլոր դժվարությունները, խոչընդոտները, արգելքները՝ կապված տեղաշարժի, ինտեգրման, սոցիալական ներառման հետ: Այսինքն՝ անձի վերաբերյալ հավաքագրվում է ամբողջական տեղեկություն և ըստ դրա էլ մատուցվելու են համապատասխան ծառայությունները»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Գնահատվելու է անձի հետ կապված ամեն ինչ, արդյո՞ք կարողանում է տանը տեղաշարժվել, ի՞նչ արգելքներ կան շենքում, բնակավայրում, աշխատավայրում, ուսումնական հաստատություններում և այլն: Ըստ այդ արգելքների էլ պետք է տրամադրվի համապատասխան աջակցությունը: Օրինակ, աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում շենքում, սեփական տնից դուրս գալիս ապահովել թեքահարթակներ: Եթե պետք լինի, կաշխատի հոգեբանը, մյուս դեպքում հնարավոր է լոգոպետի կարիք լինի: Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձին կտրամադրվի բազմակողմանի աջակցություն ու ծառայություն, այլ ոչ թե միայն սոցիալական նպաստ:

Հաշմանդամության սահմանման համար տարեկան միջինը կատարվում է շուրջ 50 հազար փորձաքննություն, որից առաջին անգամ դիմողների թիվը 17 հազար է: Այսինքն՝ տարվա կտրվածքով 17 հազար մարդու պարագայում կկիրառվի նոր համակարգը: 2024 թվականի հունվարի 1-ից նոր համակարգը կկիրառվի մնացած հաշմանդամություն ունեցողների նկատմամբ: Կան նաև անժամկետ հաշմանդամության խմբեր ունեցող քաղաքացիներ, որոնց թիվը շուրջ 155 հազար է: Այստեղ հնարավորություն է տրվում, որ քաղաքացին իր ծառայությունների անհատական ծրագրի փոփոխման համար դիմի, և այն վերանայվի: 

  • Կիսվել: