ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նպաստ ստացող քաղաքացին իր եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերներում խաղալուն․ այստեղ պետությունն անելիք ունի․ Գևորգ Պապոյան

Նպաստ ստացող քաղաքացին իր եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերներում խաղալուն․ այստեղ պետությունն անելիք ունի․ Գևորգ Պապոյան

«Բազմաթիվ դեպքեր են մեզ հայտնի դարձել, որ այդ, այսպես կոչված, թակարդի մեջ են հայտնվում հատկապես սոցիալապես  անապահով մարդիկ։ Սոցիալապես ապահով մարդու խաղալը մեզ համար խնդրահարույց չէ, որովհետև ինքը կարող է իր ժամանցի համար, իր ստացած գումարի ինչ-որ մի չափը ծախսել։ Բայց եթե քաղաքացին սոցիալապես անապահով է, չունի  բնակարան, պետությունից նպաստ է ստանում, նվազագույն աշխատավարձ է ստանում, այդ քաղաքացու երեխայի համար պետությունը նպաստ է վճարում, որ նա կարողանա իր երեխային պահել, բայց միևնույն ժամանակ այդ քաղաքացին ստացած եկամուտների մեծ մասը, այդ թվում` պետության կողմից որպես սոցիալական աջակցություն ստացած գումարի մեծ մասն ուղղում է բուքմեյքերներում խաղալուն, բնականաբար այստեղ պետությունն անելիք ունի և մենք պիտի միջամտենք և պիտի որոշակի գործիքակազմ  կիրառենք, սա մեր մոտեցումն է»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս նկատառումն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ որպես հիմնական զեկուցող ներկայացնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Պապոյանը հավելեց․ «Այս տրամաբանությունից ելնելով  մենք փորձ ենք կատարել ինչքան հնարավոր է սահմանափակել այս գործիքակազմը  և թափանցիկացնել, այսինքն՝ տեսնենք, օրինակ, ո՞վ է խաղում, ինչքա՞ն է խաղում, և սա հնարավորություն է տալու նաև ապագայում որոշակի քաղաքականություն իրականացնել»։

  • Կիսվել: