ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նորաբաց գրասենյակը ավելի արդյունավետ կհամակարգի ՄԱԿ-ի Պարենի ծրագրի աշխատանքը Սյունիքի մարզում

Նորաբաց գրասենյակը ավելի արդյունավետ կհամակարգի ՄԱԿ-ի Պարենի ծրագրի աշխատանքը Սյունիքի մարզում

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են՝ բացվել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» (UN WFP) մարզային գրասենյակը։ Ծրագիրը վաղուց է գործունեություն ծավալում Սյունիքում, իսկ նորաբաց գրասենյակը ավելի արդյունավետ կհամակարգվի կազմակերպության աշխատանքը։
 
Սյունիքի մարզպետարանում համագործակցության հուշագրեր են ստորագրվել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՊՀԾ-ի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև։
 
ՊՀԾ-ը համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կհիմնվի ուսումնափորձարարական կենտրոն, որը խելացի գյուղատնտեսության փորձնական տարածքներ կունենա․ այստեղ կլինեն ջերմոց, մետեոկայան, տեխնոպարկ, ինտենսիվ այգի, անասնակերի հիդրոպոնիկ աճեցում և այլն։ Կենտրոնը գիտական-ուսումնական բազա կլինի թե՛ ուսանողների համար, որոնք իրենց գիտելիքները կփորձարկեն գործնականում, թե՛ մարզի ֆերմերների, որոնք այստեղ կանցնեն վերապատրաստում, դասընթացներ, կստանան գյուղատնտեսական խորհրդատվություն, կծանոթանան նոր տեխնոլոգիաների միջոցով ոլորտի զարգացման հնարավորություններին։ Բացի դրանից, մասնաճյուղում կբացվի հողի անալիզի լաբորատորիա:
 
Մարզետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը մարզում կատարվող ներդրումների համար, նշել է, որ կենտրոնի հիմնումը շատ կարևոր է, քանի որ սրանով գիտությունը և գիտական միտքը ներդրվում են գյուղատնտեսական ոլորտում․ «Սա իր հերթին կապահովի գյուղոլորտում ամբողջական արժեշղթայի բացահայտմանը և կիրառմանը, իսկ մոտ ապագայում մարզում երիտասարդ մասնագետների թվի աճ կունենանք, որի կարիքը շատ կա»։
 
Արման Խոջոյանի խոսքով սրանով ձևավորվում է մի հարթակ, որը միավորում է բնագավառում ներգրավված բոլորին՝ ֆերմերներ, գիտական ներուժ, կրթություն, կառավարություն, համայնքային ու մարզային իշխանություն, միջազգային կազմակերպություններ, ու բոլորի ձայնը լսելի է դարձնելու, նաև մեկտեղելու համագործակցության հնարավորությունները։
 
Նաննա Սկաուն ներկայացրեց այն ներդրումները, որ մինչ այժմ ՊՀԾ-ը արել է մարզում և անելու է․ ներդրվել է 1․35 մլն դոլար, պատրաստվում են եւս 3․8 մլն դոլարի ներդրում կատարել Սյունիքում։ Պարենի ծրագրում ընդգրկված է մարզի 20 գյուղ և քաղաք։
 
Մինչ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, մարզպետի մոտ նաև հանդիպում էր կայացել, որին մասնակցել են վերոնշյալ պաշտոնյաները, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարը, Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրենը, մարզի ֆերմերներ։ Քննարկվել են հիմնվող կենտրոնի արդյունավետությունն ու ստեղծվող հնարավորությունները, իսկ մարզպետը, ներկայացնելով Սյունիքում գյուղատնտեսության զարգացման ներուժը, պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի բոլոր դրական նախաձեռնություններին։

  • Կիսվել: