հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նոր դպրոցների համար գույք ձեռք բերելու համար հատկացվեց շուրջ 280 մլն դրամ

Նոր դպրոցների համար գույք ձեռք բերելու համար հատկացվեց շուրջ 280 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում վերաբաշխում կատարեց ԿԳՄՍՆ-ին հատկացված միջոցների միջեւ եւ 279,9 մլն դրամ ուղղեց մինչեւ տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, Գեղարքունիքի մարզի թվով 96 դպրոցի գույքով ապահովմանը:

Նախագծով նախատեսվող հատկացումները հիմնականում պայմանավորված են 2023թ.-ին ավարտվող շինարարական օբյեկտների գույքով ապահովման անհրաժեշտությամբ: Նշվածը վերաբերում է թվով 6 մոդուլային դպրոցի և Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցված (ող) թվով 8 դպրոցի գույքով ապահովման ծրագրերին:

Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ ընտրված է 25 հաստատություն, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են (Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց և Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոց), ևս 9-ինը ավարտվում է այս տարի։ 2022թ.-ին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին որոշակի տեսակների և քանակությամբ գույք է հատկացվել թվով 6 դպրոցի (Դեղձուտ միջնակարգ դպրոց, Արգինայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց, Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց և Եղեգիսի միջնակարգ դպրոց): ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեով այս դպրոցների համար գույքի գումար նախատեսված չէ:

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսված է թվով 7 դպրոցի կառուցման ավարտ: Դպրոցները գույքի մի մասը ստացել են, իսկ մյուս մասը կրկին գույքագրվել է Նախարարության կողմից, հայտարարվել է մրցույթ և կնքվել են պայմանագրեր: Այսպիսով, Նախագծով նախատեսվում է հատկացնել 141,148.9 հազար դրամ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների գույքով ապահովման համար:

Մինչև տարեվերջ կառուցումը կավարտվի և գույքով կապահովվի նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, որի շինարարությունը մեկնարկել էր 2021թ.-ին: Գույքի ձեռքբերման պայմանագրերը հիմնականում արդեն կնքված են:

Գույքի ձեռքբերման համար գումար է հատկացվում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին թվով 96 դպրոցի մասով:

Նախագծով նախատեսվում է հատկացում կատարել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար ՀԾ-Ձեռնարկություն ծրագիրը ձեռքբերելու համար: Քաղաքացիական ծառայության հարթակում աշխատավարձի ներբեռնումը և այլ ծրագրային նոր ապահովումները բավարարելու համար անհրաժեշտ է նախարարությունում ներդնել ՀԾ ձեռնարկություն համակարգը: Համաձայն «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ից ստացված գնային առաջարկի՝ համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է 2,523.8 հազար դրամ գումար, որից 1,563.8 հազար դրամը ծրագրի արժեքն է, իսկ 960.0 հազար դրամը՝ ծրագրում տվյալների ձևավորման օժանդակման և ուսուցանման ծառայությունների արժեքը: Ծրագիրը և օժանդակման ծառայությունը նախատեսվում է ձեռք բերել «Մեկ անձից» գնման ձևով:

98.jpg (114 KB)

99.jpg (21 KB)

  • Կիսվել: