հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր ավտոբուսներով տրանսպորտի գործունեությունն ապահովելու նպատակով կմեծացվեն կանգառների սահմանները

Նոր ավտոբուսներով տրանսպորտի գործունեությունն ապահովելու նպատակով կմեծացվեն կանգառների սահմանները

Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Թեհրանի մետրոպոլիտենն այսօր ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է շուրջ 2 մլն ուղևոր: Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում:

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:

Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Հանձնարարվել է սկսել կանգառների գույքագրման գործընթացը:

Տրոլեյբուսների և համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:

Քաղաքապետարանի մասնաշենքերի տանիքներին ավարտվել են արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքները: Ծրագիրը հնարավորություն կտա շուրջ 30 տոկոսով նվազեցնել էներգածախսը: Տնտեսված միջոցները համայնքը կուղղի բնակիչների բարձրացրած խնդիրների լուծմանը:

Համայնքը նախատեսում է սկսել կիսակենսունակ և ոչ արժեքավոր ծառերի փոխարինման գործընթաց: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների մասնակցությամբ կհրավիրվի գիտաժողով, համատեղ կմշակվի գործողությունների ծրագիր:

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: