հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը կարևորել է տեղահանված անձանց արժանապատիվ կենսապայմանների ապահովումը

Նարեկ Մկրտչյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը կարևորել է տեղահանված անձանց արժանապատիվ կենսապայմանների ապահովումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրին։

Ընդգծելով ԵԽ դերը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։

Նախարարը շեշտել է ընտանիքում բռնության դեմ պայքարի կազմակերպման 2021-2023 թթ․ միջոցառումների ծրագրի մշակման, ընտանիքում բռնության դեպքերի տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման և դեպքերի բացահայտման աշխատանքներում Եվրոպայի խորհրդի ներգրավվածության կարևորությունը։

«Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում ԵԽ-ն մեր կարևորագույն գործընկերներից է: Մենք բարձր ենք գնահատում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցության կարևորությունն ինչպես օրենսդրական բարեփոխումների իրականացման, այնպես էլ վերապատրաստումների կազմակերպման միջոցով»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիներին ուղղված աջակցության ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է տեղահանված անձանց արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված և իրականացվող աշխատանքների դերը։

Լիլյա Գրետարսդոտտիրը շնորհակալություն է հայտնել ԱՍՀՆ-ի կողմից սահմանված առաջնահերթությունների, իրականացվող ծրագրերի ներկայացման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով ԵԽ-ի կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։ Վերջինիս խոսքով՝ ԵԽ-ն պատրաստակամ է ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի այլ ուղղություններով ևս։

  • Կիսվել: