շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախատեսվում է ՀԱԷԿ-ում ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիր կառուցել

Նախատեսվում է ՀԱԷԿ-ում ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիր կառուցել

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) տարածքում նախատեսվում է ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիր կառուցել: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն դեռևս 2022թ. դեկտեմբերի 29-ին հայտարարել էր «ՀԱԷԿ-ում ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրի նախագծում և կառուցում՝ անհրաժեշտ սարքավորումների մատակարարմամբ» աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:  

Երկու փուլից բաղկացած մրցույթին հայտերի ներկայացման ժամկետը լրացել է 2023թ. հունվարի 13-ին: Ներկայացված հայտերի գնահատումը կիրականացվի դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում: 

Մրցույթի իրականացման ընթացակարգին զուգահեռ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն հրապարակել է Հայկական ԱԷԿ-ում ռադիոակտիվ (ճառագայթաակտիվ) թափոնների վերամշակման տեղակայանքի նախագծման, անհրաժեշտ սարքավորումների մատակարարման և կառուցման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը: Ըստ տեխնիկական առաջադրանքի՝ համալիրի կառուցումից հետո ճառագայթաակտիվ թափոնների (ՃԱԹ) ընդունման և վերամշակման ծավալը տարեկան կկազմի 500 տոննա: 

«Պինդ ճառագայթաակտիվ թափոնների վերամշակման տեղակայանքն ապահովում է.

- հավանականորեն աղտոտված նյութերի և ՃԱԹ-երի ընդունում, տեսակավորում, ներքին փոխադրում և վերամշակում, ներառյալ՝ ՀԱԷԿ-ի շահագործման և շահագործումից դուրս բերման արդյունքում գոյացող նյութերը և ՃԱԹ-երը,

- ՃԱԹ ՎՏ-ում (Վերամշակման տեղակայանք) գոյացող երկրորդային ճառագայթաակտիվ թափոնների վերամշակում,  

- նյութերի ռադիացիոն բնութագրերի որոշում՝ դրանք կարգավորող վերահսկողությունից հանելու նպատակով,

- թափոնների վերջնական կոնդիցիոնում և բեռնում փոխադրապաշտպանիչ կոնտեյներներ (ՓՊԿ),

- ՃԱԹ-երի ռադիացիոն, ֆիզիկական և քիմիական բնութագրերի որոշում, դրանց բնութագրերի փոփոխման վերահսկում և հետևելիություն ՃԱԹ ՎՏ տեխնոլոգիական ցիկլի շրջանակներում աշխատանքներ իրականացնելու տարբեր փուլերում, ինչպես նաև կոնդիցիոնված ՃԱԹ-երի պասպորտավորում նախքան դրանք պահման (թաղման) հանձնելը»,- նշված է տեխնիկական առաջադրանքում:

Նախագծման ընթացքում պետք է օգտագործվեն միայն փորձահավանության արժանացած տեխնոլոգիաներ, որոնք համապատասխանում են ՀՀ օրենսդրության անվտանգության պահանջներին: Տեխնիկական առաջադրանքի պահանջներից մեկն էլ հեշտությամբ ակտիվազերծվող պատվածքով՝ խոշորաեզրաչափ թափոններ ընդունելու և ֆրագմենտացնելու համար հարթակի նախատեսումն է, ինչպես նաև կողմնատար ջրանցքեր՝ հարակից տարածքներից հեղեղաջրերի հեռացման համար: 

Վերամշակման տեղակայանքը պետք է բաղկացած լինի հիմնական արտադրական մասնաշենքից, վարչատնտեսական գոտուց, պինդ «ցածր ակտիվության» թափոնների պահեստարանում (ՊՑԱԹՊ) պահվող նյութերի և թափոնների հանման, տեսակավորման, նախնական ֆրագմենտացման, բնութագրման և փաթեթավորման տեղամասից (ՀՏՖԲՓՏ), վերջնականապես կոնդիցիոնված ՃԱԹ-երի ժամանակավոր պահման հարթակից (ԹԺՊՀ), նյութերի և թափոնների հետ աշխատանքների իրականացման, ՃԱԹ-երի վերջնական կոնդիցիոնման համար նախատեսված կոնտեյներների արտադրման գործարանից (ԿԱԳ) և ՀԱԷԿ-ի հատուկ մասնաշենքում (ՀՄ) գտնվող պահեստարաններում կուտակված աշխատած իոնափոխանակիչ խեժերն ու պինդ միջին ակտիվության թափոնների (ՄԱԹ) փաթեթվածքները հանելու և կոնդիցիոնման նպատակով հանձնելու տեղամասից (ՀԿՀՏ): Տեղակայանքի ծառայության ժամկետը պետք է լինի ոչ պակաս, քան 50 տարի՝ թափոնների ժամանակավոր պահման հարթակի, 30 տարի՝ կոնտեյներների արտադրման գործարանի, 15 տարի՝ թափոնների հանման, տեսակավորման, նախնական ֆրագմենտացման, բնութագրման և փաթեթավորման տեղամասի և 10 տարի կենտրոնացված հավաքման տեղերի միջև փոխադրման միջոցների և հանելու ու կոնդիցիոնման նպատակով հանձնելու տեղամասի համար։ 

  • Կիսվել: