ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Նաիրիտ»-ի թափոնների անվտանգ վերացման համար «Ռոսատոմ»-ն առաջարկ ունի. որն է առաջարկի առավելությունը

«Նաիրիտ»-ի թափոնների անվտանգ վերացման համար «Ռոսատոմ»-ն առաջարկ ունի. որն է առաջարկի առավելությունը

Փակված «Նաիրիտ» քիմիական գործարանի թափոնների խնդիրը լուծելու համար ռուսական «Ռոսատոմ»-ն առաջարկ ունի:

Ռուսական պետական կորպորացիայի հրավերով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները, այդ թվում՝  «Արմենպրես»-ի թղթակիցն, այցելել էին «Կրասնի Բոր» արդյունաբերական քիմիական թափոնների աղբավայր՝ ծանոթանալու վտանգավոր թափոնների անվտանգ վնասազերծման ռուսական փորձին, մշակած մեխանիզմին:  

Ներկայումս «Ռոսատոմ»-ն անվտանգ վիճակի է բերում մի քանի վտանգավոր օբյեկտներ, այդ թվում՝ Լենինգրադի շրջանում, Սանկտ Պետերբուրգի կենտրոնից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող «Կրասնի Բոր» թունավոր արդյունաբերական թափոնների աղբավայրը: Մոտ 50 տարի ինչպես Լենինգրադի շրջանից, այնպես էլ Ռուսաստանի այլ շրջաններից, Բալթյան երկրներից, ԽՍՀՄ, ԱՊՀ երկրներից՝ այդ թվում Հայաստանից, 1-4-րդ դասի վտանգավոր քիմիական թափոններ են բերվել այս աղբավայր:

«Շրջակա միջավայրին հասցվող  կուտակված վնասի վերացման և հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության ապահովման տնօրինություն» դաշնային պետական գործակալության տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Ստարկովը պատմեց՝ այդ ընթացքում քիմիական թափոնների այս աղբավայր է բերվել 1.7 մլն տոննա թափոն: «Կրասնի Բորը» սկսել է գործել 1969-ից, թափոններ չի ընդունել արդեն 2014 թվականի օգոստոսից:

 

«Այստեղ ռադիոկատիվ թափոններ չկան: Կան ֆենոլներ, նավթամթերք և այլ վտանգավոր նյութեր»,-ասաց Ստարկովը:

1.jpg (226 KB)

«Կրասնի Բոր»-ի մակերեսը 67 հա է: Անդրեյ Ստարկովը նշեց, որ օբյեկտը յուրահատուկ է, տեղը ևս եզակի է, վտանգավոր թափոնների այս աղբավայրը գտնվում է մի տարածքում, որտեղ քեմբրիական կապույտ կավի հսկայական շերտ կա, որի միջով ոչ մի նյութ չի կարող ներթափանցել:

07.jpg (486 KB)

«Կրասնի բոր» աղբավայրի գործունեության ընթացքում 65 հոր լցվել է պինդ թափոններով, իսկ 5-ը՝ հեղուկ թափոններով: Ի դեպ, հորերը 3 և ավելի հարկանի շենքի խորության են: Հետո շրջակա միջավայրի պահպանության նպատակով որոշում է կայացվել 2014-ին դադարեցնել աղբավայրի գործունեությունը: Աղբավայրը կոնսերվացվել է: Պինդ թափոններով 65 հոր ռեկուլտիվացվել է, ծածկվել հողով: Իսկ հեղուկ թափոններով 5 հորերը ծածկված են ժամանակավոր ծածկով, դրանց ուղղությամբ աշխատանքներն ընթանում են: Վերամշակման համար կառուցվում է համապատասխան ենթակառուցվածք:

09.jpg (489 KB)

Աղբավայրի ամբողջ տարածքի շուրջ կառուցվում է պատնեշ, որը կկանխի նյութերի հնարավոր ներթափանցումը հարակից տարածք: Նախատեսվում է, որ 2025-ին արդեն այնտեղ ամբողջությամբ կլինի կանաչ տարածք:

06.jpg (477 KB)

«Դաշնային էկոլոգիական օպերատոր» դաշնային պետական ​ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի՝ բնապահպանական ծրագրերի իրականացման գծով խորհրդական Ստանիսլավ Ժաբրիկովը, անդրադառնալով «Նաիրիտ»-ի թափոնների անվտանգ վերացման առաջարկին, ասաց. «Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, պատմել, թե ինչ մոտեցում ունենք նման օբյեկտների լուծարման հարցում: Մենք հայկական կողմին ցույց ենք տվել, պատմել մեր ծրագրերի մասին: Մեր աշխատանքի մասին հայկական կողմը գիտի»:

01.jpg (461 KB)

Ռուսական կողմի այս առաջարկը քննարկվել է պոտենցիալ համագործակցության փաթեթի շրջանակում: Նա վստահեցրեց՝ բոլոր այն որոշումները, որոնք ընդունում են, միավորում են ինչպես համաշխարհային պրակտիկան, այնպես էլ Ռուսաստանի գիտական ​​ներուժը:

«Շատ սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ​​ինստիտուտների հետ: Մեր լուծումներն իսկապես արդյունավետ են, առաջադեմ են, էկոլոգիական ու, անշուշտ, թույլ են տալիս մեզ հասնել ցանկալի արդյունքին»,-ասաց Ժաբրիկովը:

02.jpg (266 KB)

Նա հավելեց՝ ընդ որում «Ռոսատոմը» ստեղծել է լավագույն հասանելի տեխնոլոգիաների տեղեկատու, հավաքել են մոտեցումները, մեթոդները, սկզբունքները: Մեծ հաշվով դրանք բավականին ունիվերսալ են և կիրառելի այլ օբյեկտների համար ևս: Այսպիսով, առաջարկը ոչ միայն «Նաիրիտ»-ի համար է:

Եթե հայկական կողմի համար ընդունելի լինի այդ առաջարկը, հանդես գա որպես պատվիրատու, ապա, նախ կսկսվեն քննարկումներ. սկզբում «Ռոսատոմը» կառաջարկի իր կոնկրետ լուծումները, հետո քննարկումներ կլինեն գիտական կազմակերպությունների, օրինակ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, դրանից հետո միայն կմեկնարկեն բուն աշխատանքները:

  • Կիսվել: