հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄՊՀ-ն օրենսդրության փոփոխությունից հետո ունի բավարար գործիքակազմ՝ բացահայտելու ակցիաների և զեղչերի հետ կապված խախտումները

ՄՊՀ-ն օրենսդրության փոփոխությունից հետո ունի բավարար գործիքակազմ՝ բացահայտելու ակցիաների և զեղչերի հետ կապված խախտումները

 «Առևտրի և ծառայությունների մասին», ինչպես նաև հարակից օրենքներում իրականացրած փոփոխություններն ու լրացումները ամբողջությամբ կարգավորել են տնտեսվարողների կողմից առաջարկվող ակցիաների և զեղչերի հետ կապված խնդիրները, քանի որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն  օրենսդրության փոփոխությունից հետո ունի բավարար գործիքակազմ՝ բացահայտելու խախտումները:

Այս մասին «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Հանձնաժողովի համար արդեն ավանդույթ է դարձել տնտեսվարող սուբյեկտների հետ մրցակցային իրավախախտումների կանխարգելմանը նվիրված տարատեսակ քննարկումների իրականացումը: 2022 թվականի հուլիսի 7-ից իրականացված օրենսդրական փոփոխությամբ կարգավորվեցին ակցիաների, զեղչերի և գնի չփոփոխման հետ կապված դեպքերը: Այս տեսակետից մենք լիահույս ենք, որ օրենքի փոփոխությունից հետո իրավիճակը որոշ ժամանակ անց տրամագծորեն կփոխվի և կբարելավվի: Այնուամենայնիվ, հանձնաժողովը շարունակում է դիտարկել որոշակի խնդիրներ, և մենք ունենք արդեն իսկ  հարուցված վարույթներ, կիրառված պատասխանատվության միջոցներ: Ներկայումս էլ իրականացվում են ստուգումներ որոշակի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ հարուցելու ուղղությամբ՝  կոնկրետ զեղչերի և ակցիաների հետ կապված»,- ասաց նա:

Տիգրան Մարկոսյանն ընդգծեց, որ իրենց առաջնային ուշադրության կենտրոնում մեծ տնտեսվարող սուբյեկտներն են, քանի որ մրցակցային իրավիճակի վրա հենց նրանց վարքագիծն է ազդեցություն թողնում. այնուհետև՝ նրանց հետ աշխատանքները ավարտելուց հետո  շարունակում են  ավելի մանր տնտեսվարողների շրջանում:


Ըստ նրա՝ խախտումներ գրեթե բոլոր ոլորտներում էլ կան, բայց ավելի շատ հանդիպում են հագուստի առևտրի բնագավառում, և այս պահին երկու տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ  արդեն կիրառել են պատասխանատվություն:

«Նախորդ տարի մեկ տասնյակից ավել սուբյեկտների նկատմամբ հարուցվել է համապատասխան վարույթ: Այս տարվա և մյուս տարվա ցուցանիշները, ըստ իս, ավելի շատ կարող է լինել,  քանի որ մենք ունենք ավելի հստակ օրենսդրություն և շատ բաներ մեկնաբանման դաշտից բերվել են օրենսդրական կարգավորումների  դաշտ»,-նշեց հանձնաժողովի անդամը:

Ըստ Տիգրան Մարկոսյանի՝ օրենքում փոփոխություն անելուց առաջ հաշվի են առել քաղաքացիներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերը, ոլորտի բացերն ու հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Եղել են դեպքեր, երբ տնտեսվարողը հայտարարել է ակցիա իրականացնելու մասին ու պարզվել է, որ այդ ակցիան տևում է տարիներ: Նոր կարգավորումները սահմանում են, որ զեղչը չի կարող տևել անորոշ ժամանակով, այն կարող է տևել առավելագույնը երեք ամիս: Հաջորդ պահանջը վերաբերվում է զեղչերի մասին տեղեկատվությունն ամբողջական տրամադրելուն: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ: Դրանից բացի, պետք է տեսանելի լինի մինչեւ զեղչը եղած գինը: Ակցիաների իրականացման ոլորտում բազմիցս արձանագրել ենք մի շարք խնդիրներ: Տնտեսվարողն ապրանքի գնի նկատմամբ սահմանում է զեղչ, սակայն պարզվում է՝ այդ զեղչված գինն իրականության մեջ ավելի բարձր է, քան սահմանված է: Մեկ այլ դեպքում զեղչերի մասին տեղեկատվությունը տրվում է թերի կամ ոչ ամբողջական: Մեկ այլ պարագայում հայտարարվում է զեղչի մասին, սակայն պարզվում է՝ որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,-ասաց  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

ՄՊՀ անդամն ասաց, որ խախտումների դեպքում նախատեսված է մինչև նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով տուգանք: «Եթե մրցակից տնտեսվարողները կամ սպառողները կբացահայտեն խախտումներ, ապա կարող են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Հանձնաժողովն ունի բավարար գործիքակազմ՝ բացահայտելու խախտումները»,- ասաց Տիգրան Մարկոսյանը:

  • Կիսվել: