կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մինչև 2026 թվականը ՀՀ-ում վատ վիճակում գտնվող առողջապահական հանրային ֆիզիկական ենթակառուցվածք պետք է չունենանք. Նիկոլ Փաշինյան

Մինչև 2026 թվականը ՀՀ-ում վատ վիճակում գտնվող առողջապահական հանրային ֆիզիկական ենթակառուցվածք պետք է չունենանք. Նիկոլ Փաշինյան

Շատ կարևորում եմ ռազմավարության ընդունումը, որովհետև մինչև հիմա մենք ոլորտում շատ լուրջ փոփոխություններ և ներդրումներ ենք ունեցել, բայց շատ կարևոր է համապարփակ պատկերացում ունենալ առաջիկա անելիքների մասին: Այս մասին այսօր կառավարության նիստում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարութանը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ընդգծել այն, որ մենք ունենք այնպիսի նպատակադրում և պայմանավորվածություն, որ մինչև 2026 թվականը Հայաստանում վատ վիճակում գտնվող առողջապահական հանրային ֆիզիկական ենթակառուցվածք պետք է չունենանք, նկատի է առնվում հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, ամբուլատորիաները»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով, այս ռազմավարության ամենակարևոր անկյունաքարն աողջության պահպանման առաջնային օղակի զարգացումն է:

«Մենք այնպես պետք է անենք, որ ոչ թե մարդն հիվանդանա ու մենք ջանքեր գործադրենք իրենք բուժենք, որոշ դեպքերում հաջող, որոշ դեպքերում ոչ այնքան, այլ ամեն ինչ անենք, որ հնարավորինս քիչ մարդկանց մոտ հիվանդությունը զարգանա  այն աստիճան, որ հիվանդանոցային միջամտության անհրաժեշտություն լինի: Այս դեպքում առողջապահության համապարփակ ապահովագրությունն այն սյունն է, որի շուրջ այս բովանդակությունը պետք է կառուցվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ շատ է կարևորում որպեսզի առողջապահության ապահովագրման և եկամուտների ընդհանուր հայտարարագրման վերաբերյալ հանրության հետ ռազմավարական կոմունիկացիա տեղի ունենա:

«Մարդիկ մանրամասն պետք է տեղեկանան թե ինչ է արվում, ինչի համար, ինչ ժամանակացույցով, ինչ նպատակով և ինչ արդյունքների է հանգեցնելու այդ ամենը: Սա չափազանց կարևոր խնդիր է և այս առումով պետք է հնարավորինս ակտիվ լինենք: Ճիշտ կոմունիկացիան ռազմավարությունների բարեհաջող իրականացման կարևորագույն հատվածներից է և մենք սրա մասին երբեք չպետք է մոռանանք»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: