երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենաշնորհներ, կոռուպցիա չկա, տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է.նախարար

Մենաշնորհներ, կոռուպցիա չկա, տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է.նախարար

Հայաստանում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Ընդդիմադիրները, որոնք պնդում են, թե դա հնարավոր չէ, իրենց թվում է՝ դա մի բան է, որը պետք է տեղի ունենա ապագայում, և անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք մեր իրականության մի մասն են»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այսօր երկրում արհեստական մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, քանի որ հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու համար։

«Սրանք այն հեղափոխական փոփոխություններ են, որոնք տնտեսական կյանքի մի մասն են»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Հարցին՝ հնարավո՞ր չէր 7.1%-ից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ լավ ցուցանիշ է, բայց այն կարող է և պետք է լինի ավելի լավը։

Նախարարը միաժամանակ նշեց, որ տարին կավարտենք առնվազն 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ներդրումների ոլորտում առկա ակնկալիքներն ու ստացված արդյունքը տարբերվում են, արդյոք ակնկալիքները բեկվել են, Տիգրան Խաչատրյանը նշեց. «Ակնկալիքները չեն բեկվել, դրանք հաստատված են կառավարության ծրագրով։ Մենք արձանագրել ենք, որ 2023 թվականին ունենալու ենք ՀՆԱ-ի նկատմամբ 23-25 տոկոս նվազագույնը ներդրումներ հիմնական միջոցներում։ Դա ունի երկու բաղադրիչ. առաջինը դա պետական ներդրումների բաղադրիչն է, իսկ երկրորդը՝ մասնավոր ներդրումների բաղադրիչը։ Վստահ ենք, որ դա իրականություն է դառնալու»։

  • Կիսվել: