երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճի պարադոքսը․ Հայաստանում կյանքն ավելի թանկ է

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճի պարադոքսը․ Հայաստանում կյանքն ավելի թանկ է

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեումները։

Համաձայն այդ  վերլուծության՝ ԱՄՆ դոլարով արտահայտված  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վրա ազդում են հետևյալ գործոնները՝ տնտեսական աճի տեմպը, որը 2019թ.-ի համար, ըստ կանխատեսումների, կազմելու է շուրջ 7-7.5%; մշտական բնակչության թվաքանակի փոփոխությունը, որն ըստ ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալների 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018թ.-ի նույն ամսվա համեմատ կրճատվել է շուրջ 11,700 բնակչով; ՀՀ դրամի արժևորումն ԱՄՆ դոլարի համեմատ: 2018թ.-ի միջին տարեկան ցուցանիշի համեմատ 2019թ.-ի ամիսների միջինը փաստում է այն մասին, որ ՀՀ դրամն արժևորվել է:

«Հետևաբար, քանի որ ՀՀ դրամն արժևորվել է, բնակչության թիվը կրճատվել, այն, բնականաբար, հանգեցրել է ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2019թ.-ի ցուցանիշի բարձրացմանը՝ չազդելով բնակչության կենսամակարդակի բարելավման վրա»,- հայտնում են կենտրոնից։

Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կանխատեսվող Հայաստանի, Ադրբերջանի և Վրաստանի ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներին, ապա նշվում է, որ 2019թ.-ին Հայաստանը զիջել է Ադրբեջանի ցուցանիշին: ԱՄՀ կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 4,530 ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ 4,690 ԱՄՆ դոլար, Վրաստանինը՝ 4,290 ԱՄՆ դոլար:

«Հետաքրքրական է դիտարկել 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի (PPP), որը Հայաստանում կազմել է 11,083` հետ մնալով Վրաստանից՝ 12,227և Ադրբեջանից՝ 18,615:

Այսպիսով՝ Հայաստանը զիջում է նույն Ադրբեջանին և Վրաստանին, ինչն էլ նշանակում է, որ նույն մեկ դոլարով Ադրբեջանում և Վրաստանում նույն ապրանքից ավելի շատ կարելի գնել, քան ՀՀ-ում: Հետևաբար, ՀՀ-ում կյանքն ավելի թանկ է, քան հարավկովկասյան մնացած երկու երկրներում, ինչն էլ հենց գնողունակության պարիտետի ցուցիչն է»,- նշվում է վերլուծության մեջ։

  • Կիսվել: