կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մայր Հայաստանը» տրանսպորտի ուղեվարձերի նոր նախագիծ է առաջարկում

«Մայր Հայաստանը» տրանսպորտի ուղեվարձերի նոր նախագիծ է առաջարկում

Եթե չեք կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, հրաժարվե՛ք ձեր զբաղեցրած պաշտոններից, թո՛ղ գա այնպիսի իշխանություն, որը կկարողանա պայքարել դրա դեմ:  Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց,  ճեպազրույցի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

Նրա խոսքով, իշխանությունները առաջարկվող միասնական տոմսային համակարգի նոր նախագիծը ներկայացնելիս, նշել են, որ դա համակարգում կոռուպցիայի դեպքերից խուսափելու համար է:

«Ասում են՝ մենք չենք կարողանում հսկել վարորդներին: Քաղաքացիներ, դուք ավելի շատ վճարե՛ք, որ մենք կարողանանք նոր ավտոբուսներ գնել: Այս մոտեցումը ապաշնորհ է և անկարող»,-ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Մանուկ Սուքիասյանի խոսքով, խմբակցությունը պատրաստվում է քաղաքապետարան ներկայացնել տրանսպորտային ուղևորափոխադրումները կարգավորող նոր նախագիծ: Նախագիծը կազմելիս զուգահեռներ են տարվել Երևանի և Թբիլիսիի միջև, և որպես միասնական տոմսային համակարգի հաջող տարբերակ է ընտրվել Թբիլիսիում գործող համակարգը:

«Մեկ օրվա համար առցանց տարբերակով կամ ֆիզիկական քարտի ձեռքբերման դեպքում քաղաքացիները կվճարեն 400 դրամ, սակայն կունենան հնարավորություն 24 ժամվա ընթացքում անսահմանափակ օգտվել երթուղային տրանպորտից: Այն անձինք, ովքեր ցանկանում են միայն մեկ անգամ օգտվել տրանսպորտից, ինչպես հիմա, կվճարեն 100 դրամ»,-ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Ըստ առաջարկվող նախագծի, մեկ շաբաթվա համար նախատեսված փաթեթը կարժենա 2000, մեկ ամսվանը՝ 5500, 6 ամսվանը՝ 20 հազար,  1 տարվանը՝ 35 հազար դրամ: Առաջարկվում է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ուղևորափոխադրումն անվճար իրականացնել:

  • Կիսվել: