հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները շուրջ 250 մլն դրամի աջակցություն կստանան

Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները շուրջ 250 մլն դրամի աջակցություն կստանան

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն, Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների եւ ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսի հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:
 
Վերջին մի քանի շաբաթի ընթացքում 54 շահառուի հետ կնքվել են աջակցության փաթեթների համաձայնագրեր։
 
Նշվում է՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, որոնցից են, օրինակ, բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։
 

  • Կիսվել: