ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լիազորված տնտեսական օպերատորը կդառնա ինքն իր մաքսային տեսուչը. ՊԵԿ–ը` նոր պարզեցման մասին

Լիազորված տնտեսական օպերատորը կդառնա ինքն իր մաքսային տեսուչը. ՊԵԿ–ը` նոր պարզեցման մասին

Կառավարության որոշման մեջ լրացումներ կկատարվեն՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի զարգացման անհրաժեշտությամբ։

«Այս որոշմամբ մենք ևս մենք նախադրյալ ենք ստեղծում ՀՀ-ում Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա բացատրեց, որ Լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսական սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից, և այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին՝ օգտվել մաքսային մի շարք պարզեցված ընթացակարգերից: «Եթե ավելի պարզ ձևակերպեմ՝ փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր մաքսային տեսուչը, և մաքսային մարմնի հետ հարաբերությունները հասցվում են մինիմումի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ռուստամ Բադասյանը թվարկեց այն պարզեցված ընթացակարգերը, որոնք կարող են տրամադրվել տնտեսվարողին:

«Նախ՝ արտահերթ սպասարկում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում հերթերը կիրառելի չեն լինելու լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող սուբյեկտի մասով:

Երկրորդ՝ իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն՝ սահմանային անցման կետերից կարող են իրենց ապրանքը տանել և պահպանել իրենց պահեստում: Ռիսկի պրոֆիլներից շատերը չեն կիրառվելու, այսինքն՝ այն պրոֆիլները, որոնցով մաքսային մարմինը որոշում է կանաչ, կարմիր և դեղին ընթացակարգերը, չեն կիրառվելու այս սուբյեկտների նկատմամբ, և մաքսային մարմինը ապահովելու է մշտական կապ և խորհրդատվություն այս սուբյեկտների համար»,- ասաց նա:

Բադասյանը նշեց, որ հետագա փուլերում ևս 2 պարզեցված ընթացակարգ պատրաստ են ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապը իսպառ կբացակայի.

«Տնտեսվարողն ինքը կարող է պլոմբ կիրառել և կարող է սահմանային անցման կետից բացթողումը կատարել հայտարարագիրը հետագայում ներկայացնելու և մաքսային վճարները հետագայում կատարելու պայմանով. այս մասով ևս պատրաստ ենք. թվային լուծումն արդեն պատրաստ է, և ցանկացած պահին խորհրդակցելով տնտեսվարող սուբյեկտների հետ և նայելով, թե ինչ արդյունք ունենք առաջին փուլով՝ կներդնենք նաև այս երկու կառուցակարգերը: Իսկ բուն որոշումը վերաբերում է նրան, որ ևս մեկ խոչընդոտ վերացնում ենք. Լիազորված տնտեսական օպերատորի համար անպայման է, որ ունենա օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ օրինապահի համար սահմանված պայմանը, որ չպետք է ունենա լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրված 1 մլն դրամից ավելի, այդքան էլ չի նպաստում այս ինստիտուտի զարգացմանը, և մենք այս պայմանը փոխում ենք և թողնում ենք միայն մեկ պայման, որ ԱԱՀ բազայի 0.05 տոկոսը գերազանցող լրացուցիչ հարկային պարտավորություն չունենա»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նա նշեց, որ Հայաստանում դեռ ոչ մի Լիազորված տնտեսական օպերատոր չկա:

«Բոլոր այն սուբյեկտները, որոնք կարող են հավակնել Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին, իրազեկված են՝ ինչպես դիմել ՊԵԿ և ստանալ այդ կարգավիճակը. ավելին, արդեն դիմումներ ունենք»,- ասաց Բադասյանը:

«Սահմանված ընթացակարգերով ստուգվում է, և որոշումը կայացվում է»,- ավելացրեց ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: