ԼՂ-ում իրավիճակը չի ազդել ՌԴ-ի՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքի վրա. ՌԴ մաքսային ծառայություն
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում էական ազդեցություն չի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին անցակետերի գործունեության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը, փոխանցում է ТАСС-ը։
«Բեռնաշրջանառության առումով մենք տեսնում ենք հոսքերի որոշակի տատանումներ ռուս-վրացական սահմանի` Վերին Լարսի և ռուս-ադրբեջանական սահմանի միջև, մենք այնտեղ ունենք երեք անցակետ: Բայց այնուամենայնիվ, մեր կարծիքով, այդ տատանումները կապված են ապրանքաշրջանառության լոգիստիկայի հետ, թուրքական տարանցման հետ, քանի որ թուրքական տարանցման մեծ մասը հենց այս սահմանով է գնում դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ընդհանուր առմամբ, անցակետում հակամարտության սրման հետ կապված իրավիճակը չի փոխվել։ Վերջին 24 ժամվա ընթացքում Վերին Լարսով անցել է միջինից մի փոքր բարձր՝ 1200 բեռնատար, ուստի մենք կայուն աշխատում ենք»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Դավիդովը: