շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ

Լարսի անցակետում դեպի Ռուսաստան ուղղությամբ մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ

Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ նրա՝ վերջին 1 ամսվա ընթացքում 2 անգամ է եղել, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ բեռնատար մեքենաների համար որոշակիորեն սահմանափակվել է Վերին Լարսի անցակետով անցման հնարավորությունը, ինչը, սակայն, տևել է ժամեր:

«Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող մեքենաների համար հերթերը գրեթե բացակայում են: Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանից դուրս գալուց հետո 1-2, մաքսիմում 3 օրվա ընթացքում անցնում են անցակետը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Մուրադյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի Ռուսաստանի գործընկերներն անցակետից մի քանի կմ հեռավորության վրա առանձին տարածք էին նախատեսել, որտեղ ԵԱՏՄ ապրանքների, այս դեպքում Հայաստանից գնացող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացնում էին առանձնացված մաքսային հսկողություն: «Դա նպաստում էր մեր մեքենաների և ապրանքների նկատմամբ ավելի արագ, արտոնյալ մաքսազերծման գործընթացին: Վերջին տարվա ընթացքում այդ տարածքում տեղադրվել է 2-3 մաքսազերծման սարք, որ էլ ավելի արագ իրականացվի»,-նշեց Մուրադյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան եկող բեռներին, ապա ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց. «Որոշակի հերթեր առաջանում են՝ տրանսպորտային միջոցների մեծ քանակի պատճառով: Երկու հանգամանք են ազդում դրա վրա: Մեկը վրացական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են: Մենք մեր վրացի գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք, և իրենք, կախված ծանրաբեռնվածությունից, կարող են ուղղությունները փոխել՝ երեք ուղի դուրս, մեկ ուղի ներս կամ հակառակը: Այնուամենայնիվ, որոշակի փոքր հերթեր առաջանում են: Մյուս հանգամանքն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել են արտահանման որոշակի սահմանափակումներ: Մաքսային օրենսգիրքն ասում է՝ եթե կան արտահանման որոշակի սահմանափակումներ, դրանց նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի այն արտահանողի մաքսային կետում, որտեղից արտահանվում է: Սա ևս երբեմն առաջացնում է նման հարցեր»:

Սակայն Մուրադյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ ևս ակտիվ աշխատել են, հարկ վճարողներին էլ դրա մասին տեղեկացրել են, որ խոչընդոտներ չառաջանան:

  • Կիսվել: