հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լարս տանող թունելի հորատման աշխատանքները շարունակվում են

Լարս տանող թունելի հորատման աշխատանքները շարունակվում են

Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելի աշխատանքներն արդեն 5-րդ կմ խորության վրա են ընթանում, իսկ տարհանման թունելի կառուցումն իրականացվում է 3 820 մ խորության վրա։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Նշվում է, որ նոր ճանապարհով Խադիի հովտի մոտ 10 գյուղի բնակիչներ ձմռանը կպահպանեն իրենց կապն արտաքին աշխարհի հետ։ Ճանապարհն այլևս չի փակվի, և գյուղի բնակիչներին հասանելի կլինեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները:

Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կկառուցվի, ընդհանուր առմամբ, 23 կմ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել։ Դրանցից 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում և եզակիներից մեկը աշխարհում։

Նոր՝ 23 կմ ճանապարհը 11 կմ-ով կկրճատի նախկին ճանապարհը, իսկ նշված հատվածն անցնելու համար 1 ժամի փոխարեն կպահանջվի 15 րոպե։ Ճանապարհի գրեթե 70 տոկոսը կունենա լրացուցիչ գոտի։

Քուշեթի-Կոբի ճանապարհի ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ և ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ լարի։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականը:

  • Կիսվել: