կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքի և Արագածոտնի մարզերում ծղրիդների լայն տարածման դեմ պայքարի համար գործադիրը պատկան կառույցներին շուրջ 13 մլն դրամ է հատկացրել

Կոտայքի և Արագածոտնի մարզերում ծղրիդների լայն տարածման դեմ պայքարի համար գործադիրը պատկան կառույցներին շուրջ 13 մլն դրամ է հատկացրել

Կոտայքի և Արագածոտնի մարզերում ծղրիդների լայն տարածման դեմ պայքարի և վնասատուների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերին հասցվող վնասի կանխարգելմանն ուղղված աշխատանքների համար ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է պատկան կառույցներին շուրջ 13 մլն դրամ հատկացնել։

Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ վնասատումների տարածման մասին ահազանգը ստացվել է դեռ հունիսի 2-ին։ Բայց ահազանգից մինչև գումար հատկացնելը 40 օր է տևել։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը էկոնոմիկայի նախարարությանը ծղրիդների հարցով դիմել է դեռ հունիսի 2-ին` խնդրելով որոշել համայնքի անտառամերձ տարածքներում տարածված վնասատուների տեսակը և դրանց դեմ պայքարի աշխատանքներ իրականացնել։

Հունիսի 5-ին մասնագետներ են գործուղվել են համայնքի Եղիպատրուշ բնակավայր և պարզել, որ վնասատու միջատը Զախարովի հաստամարմին (Polysarcus zacharovi) տեսակի ծղրիդ է։

Համայնք գործուղված ու մշտադիտարկում իրականացրած մասնագետների ուսումնասիրության հիման վրա էկոնոմիկայի նախարարը հունիսի 16-ին դիմել է շրջակա միջավայրի նախարարություն` միջոցառումներ ձեռնարկելու նպատակով և, հարցի հրատապությունից ելնելով՝ համայնքին է հատկացրել 109 լիտր միջատասպան թունաքիմիկատ։

Բայց հունիսի 19-ին Եղիպատրուշ բնակավայրի ղեկավարը դարձյալ դիմել է նախարարություն` հայտնելով, որ վնասատուները կրկին ակտիվացել են և գրավում են ավելի մեծ արեալներ։

Ավելի ուշ պարզվել է, որ նույն տեսակի ծղրիդներ են տարածված նաև Ծաղկաձորի անտառներում, դաշտերում, խոտհարքներում, և տարածվելով հասնում է հյուրանոցային համալիրներ՝ անհարմարություն ստեղծելով զբոսաշրջիկների և բնակիչների համար։

«Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի, Եղիպատրուշ բնակավայրի տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունները և վնասատուների տարածման մեծ արեալները՝ ՀՀ ԷՆ կողմից իրականացված պայքարի աշխատանքները կարող են դառնալ անարդյունավետ, քանի որ պայքարի աշխատանքների իրականացումը անհնարին է դառնում միայն սրսկիչ անօդաչու թռչող սարքերի և տրակտորային սրսկիչների միջոցով և անհրաժեշտություն է առաջանում ուղղաթիռի միջոցով իրականացնել արագ և լայնամասշտաբ սրսկումներ՝ հետագայում վնասատուների տարածումը չպայքարած տարածքներից սահմանափակելու համար»,– ասված է կառավարության որոշման մեջ։

Կառավարությունում հույս ունեն, որ հատկացված գումարը բավարար է վնասատու ծղրիդների դեմ պայքարի ցանկալի արդյունք գրանցելու համար։

  • Կիսվել: