«Կոնյակ» բառը «բրենդի»-ով փոխարինելու գործընթացը սկսված է․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Վերջերս կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը խոսել էր կոնյակի մասին, ասել, որ պարզել է` կոնյակը միայն խմիչք չէ, այլ նաեւ Ֆրանսիայում բնակավայր է, եւ հորդորել էր Հայաստանում արտադրվող կոնյակի անունը փոխել, անվանել ոչ թե «կոնյակ», այլ «բրենդի», քանի որ հայկական արտադրանքը չի կարելի «կոնյակ» անվանել։ Եվ «կոնյակ» բառն անգամ խոսակցական լեզվից է պետք հեռացնել: «Դա ինտելեկտուալ սեփականություն է, դա ուրիշի ոչ նյութական արժեքն է, սոլիդ չի ուրիշի ոչ նյութական արժեքը վերցնել։ Շատ դեպքերում արտահանման հետ կապված մեր խնդիրները կապվում են նրա հետ, որ շատ երկրներ այս դաշտը եւ շատ հասկացություններ ինստիտուցիոնալ են դարձրել»,- ասել էր նա։ Ապա իր ոճին համապատասխան դասախոսություն էր կարդացել, թե շամպայնը փրփրուն գինին է, որ արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույնն էլ՝ կոնյակը, որը ռեգիոնի անունն է: Դա այն բրենդին է, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից։ Իսկ Հայաստանում արտադրվող «բրենդին» չի կարող կոնյակ կոչվել:
Իրականում «կոնյակ» անունը փոխելու մասին բանակցությունները սկսվել են վաղուց` 2017 թվականին, Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի շրջանակներում։ Այդ պարտավորությունը Հայաստանը վաղուց է ստանձնել` «կոնյակ» անունից հրաժարվելու։ Դրա մասին համաձայնագիր է կնքվել` հետաձգված ժամկետով, որը, ըստ ամենայնի, հիմա է ուժի մեջ մտնում: Այժմ եկել է վճռորոշ պահը: Այս անվանափոխությամբ զբաղվում է էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Մտավոր սեփականության գրասենյակը։
Գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում բացատրեց․ «Համաձայնագիրը կնքվել է, դրանից հետո աշխատանքները սկսվել են, հիմա մենք ունենք որոշված անվանում, որը որպես աշխարհագրական նշում կգրանցվի ու կկիրառվի, կօգտագործվի «Արմենիան բրենդի» անվանումով։ Էկոնոմիկայի նախարարությունն աշխատել է տարբեր էքսպերտների հետ, տարբեր ծրագրերով, հասել ենք այս օրվան, որ նոր անվանում է որոշվել, մինչեւ ժամկետի լրանալը դա պետք է գրանցվի եւ օգտագործվի ապրանքների վրա»։
Քրիստինե Համբարյանի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է, որ երկրի ներսում դեռ կիրիլիկ տառատեսակով եւ հայատառ կարելի է օգտագործել «կոնյակ» բառը․ «Հիմա դեռեւս մենք կարող ենք երկրի ներսում օգտագործել հայատառ եւ կիրիլիկով «կոնյակ» բառը «բրենդի» խմիչքի համար եւ նաեւ երրորդ երկրներ արտահանել այդ անվանումով։ Ինքն անցումային ժամկետ է նախատեսում մեր արտադրողների համար, որ կարողանան սահուն անցում կատարել նոր անվանմանը․․․ Համաձայնագիրը կնքելու պահից լատինատառն արգելվում է օգտագործել»։
Կոնյակի գործարանները դեռեւս չեն փոխել իրենց ապրանքի անվանումները, Համբարյանը նշում է՝ դա գործընթաց է, նոր որոշում, դրա հետ կապված մարքեթինգային հարցեր կան․ «Տենդերով, ոնց որ թե, ֆրանսիական ընկերությունը, որը ներգրավում է եվրոպական էքսպերտների, այդ ամբողջ գործընթացը մեզ հետ միասին սահուն կանցկացնեն: Այնտեղ տարբեր վարչություններ պետք է ընդգրկված լինեն, գերատեսչություններ, ամեն մեկն իր անելիքն ունի։ Այն, ինչը որ արվում է, համաձայնագրով է նշված։ Նշված է, որ եվրոպական կողմն աջակցություն է ցուցաբերում վերաբրենդավորման մասով, դրանք աջակցության մասնիկներն են, որոնց արդյունքում պետք է ունենանք գրանցված նշում, մարքեթինգի, գովազդի հետ կապված աշխատանքներ, ամեն ինչ, ինչը որ դրա տակ մտնում է»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։