կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառուցողական լինելու դեպքում շահելու են բոլորը. «Լիդիան Արմենիա»

Կառուցողական լինելու դեպքում շահելու են բոլորը. «Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին։

Խոսելով Ամուլսարի հանքավայրի շուրջ հետագա զարգացումների մասին՝ նա նշել է, որ իրենց պատկերացումն այդ խնդրի շուրջ չի փոխվել:

՛՛Մեր պատկերացումն այս խնդրի շուրջ չի փոխվել Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արդեն ավելի քան երկու տարի. օրենքը պետք է վերականգնվի: Ամուլսարի շուրջ կրքերը լարված են շատ սահմանափակ թվով մարդկանց կողմից իրականացվող ապօրինության հետևանքով։ Երբ այդ ապօրինությունը իրավական գնահատական ստանա, ինչպես և հարիր է իրավական երկրում, կրքերը կհանդարտվեն և հարյուրավոր մարդիկ կվերադառնան իրենց օրինական աշխատանքին՛՛:

 

Դիտարկմանը, թե՝  չէ՞ որ կա նաև հանրային կարծիքի խնդիր, Ստեփանյանը պատասխանել է. ՛՛Նախ՝ ինչպե՞ս եք չափում հանրային կարծիքը: Բոլոր այն հարցումները, որ անցկացվել են վերջին երկու տարում, երբ Ամուլսարի դեմ իրականացվել է աննախադեպ հակաքարոզչություն ու ծրագիրը արդեն իսկ կանգնած էր գրեթե տապալման եզրին, միևնույն է, բոլոր հարցումներով հարցվածների առնվազն կեսը կամ կողմ է կամ առնվազն կարծիք չունի, ինչը նշանակում է, որ դեմ չէ:

Դուք պատկերացնում ե՞ք` սա ինչ է: Երկու տարի ապօրինի փակված ծրագրի դեմ իրենց բնապահապան կոչող մարդիկ իրակացնում են աննախադեպ հակաքարոզչություն, զրպարտություն: Ու չնայած սրան, հանրության առնվազն կեսը դեմ չէ ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ պատմականորեն հանքարդյունաբերությունը վատ վարկանիշ ունեցող ոլորտ է: Բայց, փաստրեն, մարդիկ գիտակցում են, որ Ամուլսարը նոր ստանդարտներ է բերելու: Միանշանակ դեմ արտահայտվողների մեջ էլ շատ փոքր թիվ են կազմում ինչ-որ սկզբունքային խնդրի համար պայքարողները, մնացածը, իմ խորին համոզմամբ կամ անտեղյակ են Լիդիանի բանապահպանական չափանիշներից, կամ այլ շահեր են հետապնդում։

Եվ վերջապես, օրենքը գերակա է, անկախ հարցումներից ու տարբեր խմբերի ցանկություններից կամ շահերից՛՛:

Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահն անդրադարձել է նաև հարցին պետական մոտեցմանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարությունն ի վերջո կխոսի՞ այս թեմայով և թույլ կտա՞ իրենց աշխատել։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Կխոսի, թե չի խոսի, ես չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ ասելու շատ բան էլ իրականում չկա, ավելին, քան արդեն ասվել է։ Արդեն իսկ ասվել է, որ իրավական որևէ հիմք չկա հանքի աշխատանքը կասեցնելու համար և բնապահպանական առումով էլ գնահատվել է, որ մեր ծրագրի ՇՄԱԳ-ը լավագույնն է, որը երբևէ կատարվել է  Հայաստանում։

Այսինքն՝ ի՞նչ կարելի է ավելացնել այս ասվածին։ Թերևս՝ ոչինչ։ Ինչ վերբերում է թույլ տալուն, ապա թույլ տվեք նկատել, որ  Լիդիանն ունի բոլոր անհրաժեշտ օրինական թույլտվությունները, ամեն ինչ, ինչ պետք է օրինական հանքարդյունաբերություն իրականացնելու համար: Մենք աշխատելու օրինական իրավունք ունենք։ Ուրիշ բան, որ մեզ խանգարում են, իսկ պատկան մարմինները չեն կատարում իրենց պարտականությունները և չեն վերացնում ապօրինությունը: Ասելու բան այլևս չկա, պետությունն ունի գործելու խնդիր՛՛

Ստեփանյանը նշել է, որ  Ամուլսարը ամենաստուգված հանքարդյունաբերական ծրագիրն է, չկա Հայաստանում որևէ այլ ձեռնարկություն, ընդ որում՝ որևէ ոլորտում, որն այսքան տեղական ու միջազգային ստուգումների ու աուդիտների է ենթարկվել: Նա վստահ է, որ բոլոր հարցերի պատասխանները տրվել են:

Ստեփանյանի խոսքով՝  հարուցված գործը ոչ թե Լիդիանի, այլ նախարարության պաշտոնատար անձնանց վերաբերյալ է: Որքանով է դա հիմնավոր՝ ըստ նրա՝ առանձին քննարկման առարկա է:

՛՛Համենայն դեպս, անցյալ տարի մեկ տարի քննությունից հետո եզրակացությունն այն էր, որ գործը պետք է կարճվի: Եվ վերջապես, որևէ գործ` հիմնավոր, թե ոչ այնքան, չի արդարացնում ապօրինի փակ ճանապարհները, և մենք երկու տարի աշխատելու հնարավորություն չունեինք ոչ թե ինչ-որ քննության, այլ հենց ապօրինի փակ ճանապարհների պատճառով: Սա անթույլատրելի է իրավական երկրում և դա անմիջական ազդում է միջազգային ներդրումների վրա: Կարծում եմ` վերջին երկու տարում բոլորը դրանում համոզվեցին: Դժվար է ներդրումներ ներգրավել այնպիսի երկրում, որտեղ նման բան է հնարավոր՛՛,-ասել է Ստեփանյանը:

Նա հավելել է, որ կառուցողական ու օրենքի շրջանակներում գործելու դեպքում կշահեն բոլորը. ՛՛Հակառակ դեպքում՝ տուժելու են բոլորը: Ընդ որում, Լիդիանը ամեն դեպքում իր վնասի փոխահտուցումը այս կամ այն կերպ կստանա: Ուզում եմ, որ այս մասին չլինի ոչ մի թյուրըմբռնում՛՛:

 

  • Կիսվել: