չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կարգավորիչ. Հայաստանի բանկային առեւտրային գործառնություններն իր եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ իրականացվում են անխափան

Կարգավորիչ. Հայաստանի բանկային առեւտրային գործառնություններն իր եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ իրականացվում են անխափան

Այս պահին չկա որեւէ միջազգային կազմակերպության կամ առանձին երկրի կողմից սահմանված պաշտոնական արգելք՝ եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ Հայաստանի առեւտրային բանկերի աշխատանքի համար:

Այդ մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայտարարությունում՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցման, որը վերաբերում էր եվրոպական եւ ամերիկյան բանկերի հետ գործարքներ իրականացնելու հայկական բանկերի հնարավորությանը՝ Արեւմուտքի կողմից հակառուսաստանյան պատժամիջոցների լույսի ներքո:

Իրավիճակի պարզաբանման անհրաժեշտություն էր առաջացել այն պատճառով, որ օրեր առաջ վրացական եւ հայկական ԶԼՄ-ներում տարածվել էր "չստուգված" տեղեկատվություն այն մասին, որ շվեդական խոշորագույն բանկերից մեկը՝ Handelsbanken-ը, իբր, որոշել է սահմանափակել ֆինանսական գործառնությունները Վրաստանում եւ Հայաստանում ՝ դա բացատրելով պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստան փոխանցումների տարանցման հնարավորությամբ: Այդ կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը հաղորդել է, որ Հայաստանի բոլոր բանկային առեւտրային գործառնություններն իր եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ ներկայում իրականացվում են անխափան:

"Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ ՀՀ առեւտրային բանկերը համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին եւ հետեւում են բոլոր եվրոպական եւ ամերիկյան պահանջներին, ինչը բացառում է պատժամիջոցներով սահմանափակված գործառնությունների իրականացումը", - ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ նախօրեին Վրաստանի ազգային բանկը նույնպես հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ եվրոպական երկրներից Վրաստան գործարքների արգելման մասին վերջին օրերին տարածվող տեղեկատվությունը ապատեղեկատվություն է: Ավելին, Վրաստանի ԿԲ-ն ընդգծել է, որ Շվեդիայի մի շարք այլ բանկեր, ինչպես նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ֆինանսական հաստատությունները շարունակում են փոխանցումներ կատարել Վրաստան ստանդարտ ռեժիմով

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: