շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սիրիահայ 9 ուսանողի ուսման վարձը

Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սիրիահայ 9 ուսանողի ուսման վարձը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով մասնակի կփոխհատուցվեն սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերը: Հիմնավորման համաձայն՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հասարակությանը լիարժեք ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցերը Կառավարության համար մշտապես դիտարկվել են որպես առաջնահերթություն:

2021 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 52 սիրիահայ ուսանողներ: Նրանցից 43-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 30%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (5,197.980 ՀՀ դրամ), «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը (5,197.980 ՀՀ դրամ): Սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 30%-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,534.4 հազար դրամ:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Արդյունքում՝ կհստակեցվի ու կկանոնակարգվի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:

  • Կիսվել: