ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը կսուբսիդավորի 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը

Կառավարությունը կսուբսիդավորի 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը

Կառավարությունը 329 մլն դրամ հատկացրեց Էկոնոմիկայի նախարարությանը «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի համար, որի շրջանակներում սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե շատ դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություներ անելու պատճառով ոչ թե  բարձրորակ սերմացու են ցանում, այլ, ուղղակի, նախորդ բերքից ստացած կամ շուկայից սովորական ցորեն կամ հացահատիկ են վերցնում ու ցանում:
 
«Սա ի սկզբանե որևէ արդյունավետություն չի խոստանում: Մենք  քաղաքացուն ասում ենքՙ  ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն առնելուն ու այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնելու ենք այնքան, որ կարողանաք լիցենզավորված սերմ գնեք», - ասաց Փաշինյանը:
 
Նա նշեց, թե պետք է կարողանան ապահովել ու երաշխավորել, որ այն սերմերը, որ շուկայում առաջարկվում են որպես լիցենզավորված, դրանք իրոք սերտիֆիկացված սերմեր են:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե անցած տարվա փորձը հարյուր տոկոսով չի հաջողվել:
 
«Որոշ խնդիրներ կան, բայց մենք որոշել ենք շարունակել պրոցեսըՙ ուղղելով այն խնդիրները, որոնք առաջացել են», - ասաց նախարարը:
 
Փաշինյանն ասաց, թե սա ժամանակավոր ծրագիր է լինելու:

  • Կիսվել: