հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական մի շարք նախագծերի

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական մի շարք նախագծերի

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է վերացնել օրենսդրական կարգավորումներում առկա անհամապատասխանությունները: Մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվող կանոնավոր երթուղիների անվանումները պետք է համապատասխանեցվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրապետության տարածքում գործող կանոնավոր երթուղիների անվանմանը, համաձայն որի՝ ներքաղաքային երթուղիները փոխարինվել են ներհամայնքային երթուղիներով։ Փոփոխություն է առաջարկվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում՝ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար պետական տուրքով։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ երթուղու սպասարկման տարեկան պետական տուրքը չվճարելը այլևս երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ չի կարող։

Հավանության է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնավորման՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում՝ կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ, ինչը խոչընդոտում է այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը։

Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում՝ դրանում սահմանելով «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը։ Օրենքում սահմանվում է նաև էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը։ Օրենսդրական փոփոխությամբ կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը և կբացառվեն անօրինական փոխադրումները։

  • Կիսվել: