երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կառավարությունը 547 մլն 887 հազար դրամ կուղղի Շիրակի մարզի սուբվենցիոն 4 ծրագրի համաֆինանսավորմանը

Կառավարությունը 547 մլն 887 հազար դրամ կուղղի Շիրակի մարզի սուբվենցիոն 4 ծրագրի համաֆինանսավորմանը

ՀՀ կառավարության տրամադրած 547 մլն 887 հազար դրամը կուղղվի մարզում իրականացված սուբվենցիոն 4 ծրագրի համաֆինանսավորմանը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
447 մլն 870 հազար դրամը «Գյումրի համայնքին պատկանող շենքերին/շինություններին արևային համակարգի տեղադրում» ծրագրի պետության համաֆինանսավորման չափն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 745 մլն 615 հազար դրամ, պետության համամասնությունը կազմում է 60 տոկոս։ 1,7 Մվտ հզորության արևային կայանները տեղադրվել են 50 ՀՈԱԿ-ների տանիքներում։
 
67 մլն 980 հազար դրամ գումարը կուղղվի «Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 151 մլն 68 հազար դրամ։ 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկան (1 ջրցան, 1 ձնամաքրիչ և 1 ամբարձիչ) արդեն ձեռք է բերվել։
 
17 մլն 212 հազար դրամը «Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի Կառավարության համաֆինանսավորումն է։ Ծրագրի ընդհանուր արժեքը երկու փուլի համար կազմում է 127 մլն 607 հազար դրամ, 2022 թվականի համար՝ 42 մլն 420 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 45 տոկոս (բարձրլեռնային)։ Կառուցվող պուրակի ընդհանուր մակերեսը 3730 քմ է։
 
14 մլն 824 հազար դրամ գումար նախատեսվում է «ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ գյուղում 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցում» ծրագրի համաֆինանսավորման նպատակին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 74 մլն 122 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը 60 տոկոս է։

  • Կիսվել: