հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը 382 միլիոն դրամ հատկացրեց միջպետական և հանրապետական ճանապարհների նորոգման համար

Կառավարությունը 382 միլիոն դրամ հատկացրեց միջպետական և հանրապետական ճանապարհների նորոգման համար

Միջպետական և հանրապետական միջին նորոգման աշխատանքների համար Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում 382 մլն դրամ հատկացրեց:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ գումարը կհատկացվի մի քանի` հիմնականում նախորդ տարի սկսած և չավարտված նախագծերի ֆինանսավորմանը:

«Մասնավորապես, 382 միլիոնից 135 միլիոնը 3 ծրագրերի համար է. մեկը Սյունիքի մարզում Գորիսից Տեղ գյուղ հատվածի աշխատանքներն ավարտելու, մյուսը` Իսահակյան-Գյումրի ճանապարհի` Արագածոտնի մարզում Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի հատվածում, մյուսը` Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածի աշխատանքներն ավարտելու համար:

Այս հատվածներում հիմնական ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարի ավարտվել են, բայց գծանշման, կողնակների և որոշակի այլ աշխատանքներ են մնացել, որոնք անբարենպաստ եղանակային պայմաններին նպատակահարմար չէր իրականացնել, հիմա ենք իրականացնում, որպեսզի որակի հետ կապված խնդիր չլինի:

Նաեւ ունենք չկատարված աշխատանք, որը կատարվել է Դիլիջանի ոլորաններում. 84 մլն դրա համար ենք վճարում, ունենք աշխատանքներ Էջմիածնից դեպի Աշտարակ Մ3 ճանապարհի հատվածում, և մեկ նախագիծ կա, որի 5 տոկոսը, որպես կանոն, ավարտական փուլում նոր վճարում ենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

  • Կիսվել: