հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ է հատկացրել 10 դպրոցների նոր գույքի ձեռքբերմանը

Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ է հատկացրել 10 դպրոցների նոր գույքի ձեռքբերմանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում 10 դպրոցների համար նոր գույքի ձեռքբերման նպատակով հատկացվել է 276 մլն 679 հազար դրամ գումար: Գումարը հատկացվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցների վերաբաշխման միջոցով:

«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են դպրոցների վերակառուցման, նոր շենքերի կառուցման աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված են սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր հաստատությունների ցանկում ներառված դպրոցները»,- ներկայացնելով նախագիծը` նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Հատկացված միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներքոնշյալ 10 դպրոցի համար կապահովի նոր գույքի ձեռքբերում.

«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց»,
«Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց»,
«Երևանի թիվ 116 հիմնական դպրոց»,
«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց»,
«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց»,
«Հերացի» ավագ դպրոց»,
«Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց»,
«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց»,
«Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց»,
«Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց»:

  • Կիսվել: