շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունն ավելացրել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի ֆինանսավորումը

Կառավարությունն ավելացրել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի ֆինանսավորումը

Հայաստանի կառավարությունը ավելացրել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի ֆինանսավորումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բյուջեից շուրջ 400 միլիոն դրամի վերաբաշխում է կատարվել:

«2022 թվականին գրանցվել էր դիմումների աննախադեպ աճ: Պետական բյուջեով նախատեսվել էր 1 միլիարդ 200 միլիոն դրամ, որը  համամասնորեն բաշխվել էր եռամսյակի մեջ, և մենք մայիս ամսվա կեսերին սպառել էինք այդ գումարը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ 900 շահառու արդեն օգտվել է ծրագրից:

«Այս պահի դրությամբ 230 շահառու սպասում է իր աջակցությանը»,- ասաց նա:

 Գայանե Ղարագյոզյանի խոսքով՝ 2021 թվականին աջակցություն ստացողների թիվը եղել է 1 750։ Փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 230 միլիոն դրամ: Ծրագրի մեկնարկից՝  2020 թվականի հուլիսի 1-ից որևէ քաղաքացի չի մերժվել ֆինանսներ չլինելու պատճառով:

«Ծրագրի մեկնարկից ի վեր 3 250 շահառու օգտվել է աջակցությունից, որից 583-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով, 830-ը՝  կանխավճարի ապահովագրության ծրագրով և 1 837-ը՝ երեխայի աջակցության ծրագրով: Ակտիվությամբ Երևանից հետո առաջին տեղում Կոտայքի մարզն է, ապա Լոռին, Արարատը, Սյունիքը»,- ասաց Ղարագյոզյանը:

Նշենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն կողմից իրականացնում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և ծնելիության խթանմանը:

Ծրագրերից առաջինը  միանվագ աջակցության ծրագիրն է, որի շրջանակում առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար: Գույքի արժեքը չպետք է գերազանցի 30 միլիոնը, որը երրորդ և հաջորդ երեխայի հաշվով ավելանում է ևս 5 միլիոն դրամի չափով: Շահառուն պետք է կատարի առնվազն 10 տոկոս կանխավճար երկրորդային շուկայի դեպքում և 7,5 տոկոս կանխավճար, եթե գույքը ձեռք է բերվում առաջնային շուկայից:

Շահառուն վարկը պետք է վերցնի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից:

 Հաջորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որը տրվում է առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցողներին: Աջակցությունն ուղղվում է կանխավճարի և ապահովագրավճարի մարմանը: Պարտադիր է, որ շահառուն ունենա առնվազն մեկ անչափահաս երեխա: Գույքի գինը պետք է չգերազանցի 30 միլիոն դրամը:

Ամենաակտիվ ծրագիրը՝ երրորդը, երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որը հիփոթեքային վարկ մարող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում է տրամադրվում, և որն ուղղվում է մայր գումարի մարմանը:

Պարտադիր է, որ շահառուն դիմի մինչև երեխայի մեկ տարին լրանալը, գույքի գինը պետք է չգերազանցի 30 միլիոնը, որը ևս երրորդ և հաջորդ երեխայի դեպքում ավելանում է հինգ միլիոն դրամով:

  • Կիսվել: