երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

«Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 32.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նեկայումս առկա է 258 աշխատատեղ՝ 311 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 32.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլրդ դրամ։

«Ռոզելին բայ ԿՕԿ» ՍՊԸ-ն ներմուծվող ապրանքներով նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.45 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 180 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 300 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 81.5 մլն դրամ:

«Սան ֆուդ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 150 մլն դրամի կապիտալ ներդրում։ Մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղեր 455 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 242.5 մլն դրամ։

«ԳՌՕՄ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 200 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 115 աշխատատեղ 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 122-ի՝ 550 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 260 մլն դրամ։

«Սովթ պապիրուս» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների հիգիենայի պարագաների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի կապիտալ ներդրում և 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թ. նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղեր 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 133 մլն դրամ։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել վերջինիս կողմից թողարկված արտադրանքը տեղափոխելու (արտահանելու) նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 224.4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 577 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 224.4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Էքսփաթ Գրուպ» ՍՊԸ ներառվել է «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

  • Կիսվել: