ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարագի, հավկիթի, նպարեղենի, կաթնամթերքի գնաճ չի արձանագրվել. ՏՄՊՊՀ

Կարագի, հավկիթի, նպարեղենի, կաթնամթերքի գնաճ չի արձանագրվել. ՏՄՊՊՀ

ՏՄՊՊՀ-ն խոշոր սուպերմարկետներում անցկացրել է մոնիտորինգ, ինչի արդյունքում կարագի, հավկիթի, նպարեղենի և կաթնամթերքի գների աճ չի արձանագրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նպարեղենի գնի տատանում փետրվարի 26-ից մինչ օրս տեղի չի ունեցել։

Ներկայացնելով այլ պարենային ապրանքների գներ՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ ձեթի գինը մարտի 4-ից նվազել է 60 դրամով, այնուհետև մարտի 16-ին վերականգնվել է, սակայն մարտի 19-ից մի փոքր ձեթը թանկացել է։ «Գնային տատանումների պատճառը հստակ իմանալու համար մեզ ժամանակ է պետք, որպեսզի կապ հաստատենք ՊԵԿ-ի հետ և պարզենք ներկրման ծավալները։ Պետք է պարզենք թե դոլարի տատանման հետ է կապված գնաճը, թե ձեռքբերման գնի»,- ասաց նա։

Նշեց նաև, որ հավկիթի գներն աճել են՝ 25 դրամից դառնալով 33 դրամ, այնուհետև՝40, հետո դարձել 38 և այժմ տատանվում է այդ սեգմենտում։

«Խանութներում ուսումնասիրել ենք այն ապրանքները, որոնց սպառումը մեծ է՝ նորզելանդական կարագը 3530 դրամից, «Լոռի» տեսակի պանիրը 2390 դրամից, սիրողական տեսակի երշիկը՝ 2100 դրամից չեն թանկացել։ Թթվասերի և կաթնաշոռի գների էական փոփոխություն չկա, միայն երկու դեպք է եղել, երբ գինը բարձրացել է, հետո իջել է։ Այդ հարցը ևս կուսումնասիրենք։ Կաթի դեպքում եղել է, որ գինը նվազել է կամ բարձրացել, մենք կփորձենք հասկանալ, թե ինչի հետ են կապված այդ փոփոխությունները»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է ալյուրի գնին, ապա փաթեթավորված ալյուրը փետրվարի 26-ից սկսած մինչև մարտի 3-ը եղել է 280 դրամ, մարտի 4-14-ը՝ 255 դրամ, մարտի 15-ին բարձրացել է 270, ինչից հետո կրկին դարձել 255 դրամ։ Նա նաև ասաց, որ կգ-ով վաճառվող ալյուրի գինը չի փոխվել։

  • Կիսվել: