հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում էականորեն կմեծանա. ԿԲ նախագահ

Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում էականորեն կմեծանա. ԿԲ նախագահ

 Հայաստանի կառավարությունը նախատեսում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5.9 տոկոսի, սակայն դրա հաշվին կավելանա պետական բյուջեի պակասուրդը ՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:

Այս մասին ասաց  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

Գալստյանը հիշեցրեց, որ նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: «Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023-ի պետբյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերը ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման տեմպերի արագացում»,-ասաց ԿԲ նախագահը:

2023-ի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության և մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը:

Նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5.9 տոկոսի և նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21.9 տոկոսի: Գալստյանը վստահեցրեց, որ 2023 թվականին ևս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը՝ նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը՝ միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ:

Ըստ Գալստյանի՝ ամբողջական պահանջարկի մեծ աճի պայմաններում պետական ծախսերի ընդլայնող քաղաքականությունը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից: Ուստի, ԿԲ-ն անհրաժեշտ ուշադրության արժանի է համարում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկաբյուջետային ծախսային կանոնի պահպանումը և դրան համահունչ ընթացիկ ծախսերի հնարավորինս սահմանափակումն ու կապիտալ ծախսերի որդեգրված քաղաքականության արդյունավետ իրականացումը:

«2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազման. այն կկազմի շուրջ 49.7 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Այդուհանդերձ, 2023-ի համար սպասվող և ընթացիկ տարվանից շարունակվող ամբողջական պահանջարկի զգալի աճի պայմաններում մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից ԿԲ-ն կարևորում է շեշտադրել զգալի հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ 2023-ի պետբյուջեի ծրագրի լիարժեք իրականացումը ևս զգալիորեն կախված կլինի 2022 թվականին բարձր տնտեսական ակտիվությունը համարժեք մակրոտնտեսական քաղաքականությամբ կայուն, երկարաժամկետ աճի վերածելու կարողությունից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: